Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանն ակնկալում է՝ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանը վերաբերող ԱՄՆ սահմանափակումներից արված բացառությունների վերականգնումը բավարար չէ։
«Մենք տեղեկացել ենք միջուկային սահմանափակումների մասնակի վերացման մասին, սակայն բոլորը հասկանում են՝ դա բավարար չէ։ ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլո՛ր պատժամիջոցները»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել նախկինում գործող բացառությունները: Դրանք, ըստ ամերիկյան կողմի, Իրանին թույլ էին տալիս ստանալ այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցում։
ԱՄՆ-ի որոշումը եզրափակիչ փուլ մտնելու ազդանշան է
«Սա չի նշանակում, որ կողմերը մոտ են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու հարցում փոխըմբռնման հասնելուն։ Սա զիջում չէ Իրանին»,- հայտնել է Խաթիբզադեն։
Վիեննայում միջազգային կազմակերպությունների ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր հերթին հայտարարել է, թե, այսպես կոչված, «միջուկային բացառությունները» վերականգնելու մասին ԱՄՆ-ի որոշումը կարելի է գնահատել իբրեւ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների՝ եզրափակիչ փուլ մտնելու ազդանշան: