«Համառուսաստանյան սպայական միության» նախագահ, պաշտոնաթող գեներալ Լեոնիդ Իվաշովը դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ Ռուսաստանի հնարավոր պատերազմին: Պատերազմի իրական սպառնալիքի համար գեներալը մեղադրել է Ռուսաստանի քաղաքական վերնախավին եւ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս հորդորելով հրաժարական տալ:
Իվաշովն ընդգծել է, թե այժմ Ռուսաստանի գոյության միակ սպառնալիքը երկրի ներքին կյանքի աստիճանական քայքայքումն է: Իսկ արտաքին սպառնալիքները ներկայում ծայրահեղ չեն: «Ռազմավարական առումով կայունությունը պահպանվում է, միջուկային զենքը հուսալի վերահսկողության տակ է, ՆԱՏՕ-ի ուժերի խմբավորումները չեն ընդլայնվում, սպառնալից ակտիվություն չի նկատվում»,- գրել է Իվաշովը:
Գեներալը շեշտել է, որ իբրեւ անկախ երկիր՝ Ուկրաինան անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության իրավունք ունի:
Իվաշովը նշել է նաեւ, թե պետությունների գերակշիռ մասը բռնակցված Ղրիմն ու Սեւաստոպոլը չի ճանաչում որպես ռուսական տարածքներ, ինչը համոզիչ կերպով վկայում է ռուսական արտաքին քաղաքականության սնանկության ու ներքին քաղաքականության անգրավչության մասին:
ՌԴ ՊՆ-ում 1996–2001 թվականներին բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ Իվաշովի կարծիքով՝ Ուկրաինայի դեմ ռազմական ուժի կիրառումը նախ կասկածի տակ կդնի հենց իր՝ Ռուսաստանի գոյությունն իբրեւ պետության, երկրորդ՝ ռուսներին եւ ուկրաինացիներին մեկընդմիշտ թշնամի կդարձնի:
Իվաշովին նաեւ անհանգստացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես Թուրքիայի ներքաշումը հակամարտության մեջ: Ըստ գեներալի՝ պատժամիջոցների տակ կքած ՌԴ-ն միանշանակ կհայտնվի աշխարհին ու միջազգային անվտանգությանը սպառանցող երկրների ցանկում, կմերժվի միջազգային հանրության կողմից եւ շուտով կզրկվի պետականությունից:
Գեներալն ընդգծել է, թե Ռուսաստանը հրահրում է պատերազմական աստիճանի լարվածություն՝ իր բնակչությանը ներքին խնդիրներից շեղելու համար: Գեներալը Պուտինին հորդորել է հրաժարվել պատերազմ հրարհրողի հանցավոր քաղաքականությունից: