ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Խաղերի արարողության բացմանը Օլիմպիական կրակը վառելու համար ույղուր դահուկորդ Դենիգեեր Ալամուցզյանին եւ չինացի Չժաո Ցզյանվենին ընտրելով՝ Չինաստանը փորձել է ուշադրությունը շեղել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական շրջանում ույղուրների եւ մյուս ազգային փոքրամասնությունների խնդրից:
CNN հեռուստաալիքի եթերում Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այդ կերպ չինացիները փորձել են աշխարհին շեղել ույղուրների իրական խնդրից: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ակնարկել է, որ Չինաստանում մարդկայնության դեմ հանցագործություններ են կատարվում, եւ որ ույղուրները մարդու իրավունքների խախտումների զոհեր են:
ԱՄՆ-ը Չինաստանի իշխանություններին շարունակում է մեղադրել սինցզյանցի ույղուրներին ճնշելու եւ հետապնդելու համար: Վաշինգտոնն այդ պնդումների հիման վրա Սինցզյանից ապրանքների ներմուծման վրա արգելք է սահմանել՝ հայտարարելով, թե դրանք արտադրվում են հարկադրական աշխատանքի օգտագործմամբ:
Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների պատճառով ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Կանադան «դիվանագիտական բոյկոտ» են հայտարարել Պեկինին՝ Խաղերի բացմանը պաշտոնական ներկայացուցիչների պատվիրակություններ չուղարկելով: