ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կուսակցության հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը ծավալուն ելույթ ունեցավ՝ անխնա քննադատություն հնչեցնելով իշխանությունների հասցեին:
Սաղաթելյանի որոշ գնահատականների հետ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար էր չհամաձայնել, թեկուզ, օրինակ, այն, որ «Օրվա իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության»:
Բայց երբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարում է, որ «Դաշնակցության եւ օրվա իշխանության հակադրության պատճառը անձնական եւ անհատական չէ, այն ավելի խոր եւ գաղափարական հիմքեր ունի», մեղմ ասած տարակուսանք է առաջանում:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում բոլոր ժամանակների գործող իշխանությունների հետ ՀՅԴ-ի «խոր եւ գաղափարական» հակադրությունները միշտ ավարտվել են այնտեղ, որտեղ նրանց առաջարկվել է դառնալ իշխանության մաս եւ կառավարության կազմում զբաղեցնել մի քանի պորտֆել: Կոալիցիա կազմելով, թե ոչ, արդեն էական չէ. ՀՅԴ-ն շտապել է մի կողմ դնել «խոր եւ գաղափարական հակադրությունները»՝ ներկայացնելով, որ այդ ամենն անում է հանուն ազգի փրկության:
Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները լի էին կեղծիքով ու փաստերի խեղաթյուրմամբ: Օրինակ, երբ Սաղաթելյանը հայտարարեց՝ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո դադարեցին հալածանքները Դաշնակցության նկատմամբ, ու ՀՅԴ-ն արդարացվեց:
Իրականում ՀՅԴ-ական գործիչները, որոնց «Դրոյի» եւ «30+1» գործերով դատապարտել էին տարբեր ժամկետով բանտարկության, ազատ արձակվեցին ոչ թե արդարացման հիմքով, այլ իրադրության փոփոխության պատճառով, ընդ որում՝ մի շարք ՀՅԴ-ականներ շարունակեցին մնալ բանտերում անգամ դաշնակցության՝ իշխանության մաս կազմելու տարիներին:
Բայց վերադառնանք գործող իշխանությունների հետ ՀՅԴ «խոր եւ գաղափարական հակադրությունների» մասին Սաղաթելյանի հայտարարությանը: Ով-ով, բայց դաշնակցությունն իրավունք չունի խոսելու օրվա իշխանությունների հետ գաղափարական հակասությունների ու հակադրությունների մասին: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչ միայն ՀՅԴ-ի ու Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մեջ գաղափարական որեւէ տարբերություն չի եղել ու չկա, այլև Փաշինյանն ըստ էության իրականացրեց հենց ՀՅԴ ծրագիրը, մի փոքր յուրովի՝ սեփական մեկնաբանությամբ, բայց կանխատեսելի արդյունքներով:
Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, վարելով ստատուս-քվոյի պահպանման քաղաքականություն, հրապարակային դաշտում հանդես գալով «ոչմիթիզհողականության» դիրքերից, այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ Ադրբեջանի հետ քննարկում էին խնդրի լուծման փոխզիջումային տարբերակներ, ապա Նիկոլ Փաշինյանն այլ կերպ վարվեց: Նա Հայաստանի ղեկավարներից, թերեւս, միակն է, որ պարզապես դուրս եկավ բանակցային գործընթացից՝ ըստ էության մերժելով այս տարիներին բանակցային սեղանին դրված տարբերակը (որի հիմնական սկզբունքները բանակցային ողջ գործընթացի ժամանակ չէին փոխվել), մերժեց միջազգային հանրությանը, փորձեց ամեն ինչ սկսել «սեփական կետից», «զրոյական կետից»: Փաշինյանը միակն էր, որ հայտարարեց՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ»՝ փակելով բանակցությունների դուռը:
Իսկ սա հենց այն է, ինչի մասին խոսել են ՀՅԴ-ականները: Չե՞ք հավատում: Փորձե՛ք հիշել տարիներ շարունակ ՀՅԴ-ականների հայտարարությունները: Բացի այդ, փորձե՛ք ուսումնասիրել նրանց կուսակցության ծրագիրը, ապա՝ այս ընթացքում ՀՀ-ում անցկացված ընտրությունների ժամանակ ՀՅԴ նախընտրական ծրագրերը:
ՀՅԴ ծրագրում, որ հաստատվել էր դեռևս 1998 թվականի ընդհանուր արտակարգ ժողովում, գրված է, որ «կուսակցությունը նպատակադրում է. Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ` Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը»: Այսինքն՝ ոչ միայն որեւէ խոսք չկա փոխզիջման մասին, այլեւ հակառակը, բացահայտ տարածքային նկրտումներ են ներկայացվում Ադրբեջանի, Թուրքիայի, անգամ Վրաստանի հանդեպ:
Թերթենք նաեւ ՀՅԴ նախընտրական ծրագրերը: Վերջին ընտրությունները, որոնց ՀՅԴ-ն մասնակցել էր միայնակ, 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին. եւ այստեղ էլ սեւով սպիտակի վրա գրված է. «Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մասն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը պետք է միավորվի մայր Հայաստանի հետ»: Այսինքն՝ կրկին որեւէ խոսք փոխզիջման մասին, ընդհակառակը՝ պնդում, որ միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի:
Նույն միտքը նույն ձեւակերպմամբ ՀՅԴ-ն ներկայացրել էր նաեւ 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում (երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում էր):
Դե իսկ 2012-ի ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ն հայտարարել էր. «Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու հայեցակարգով կապահովվի, որ հայկական կողմերի (Հայաստան-Արցախ) փոխզիջումը չարձանագրի նահանջ Արցախի ժողովրդի 1991 թվականի Անկախության եւ 2006-ի ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից եւ լինի համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին»:
Եթե հաշվի առնենք փաստը, որ ԼՂՀ Սահմանադրությամբ Արցախի մաս էին հռչակվել 7 տարածքները, որոնց փոխզիջման հարցը բանակցություններում հիմնական քննարկման առարկան է եղել, ապա ՀՅԴ-ն, խոսելով «նահանջ չարձանագրելու» մասին, ըստ էության բացառում էր փոխզիջման ցանկացած հնարավորություն:
Այնպես որ, երբ ՀՅԴ-ն խոսում է գործող իշխանությունների հետ «գաղափարական տարաձայնությունների» մասին, առնվազն ծիծաղ է հարուցում:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: