2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր։ Երեւանցի Էդգար Մարգարյանն Արցախում՝ Հադրութի իր զորամասում, պետք է նշեր ծննդյան 20-ամյակը։ Զորացրվելուն չորս ամիս էր մնացել։ Մայրը՝ Արսինե Սահակյանը, Երեւանից շտապում էր որդու ծնունդին։ Ճանապարհի կեսից ստիպված էր հետ դառնալ՝ պատերազմ էր։
Որդու ծնունդը շնորհավորել էր հեռախոսով, բայց իր տեղը չէր գտել։ Հաջորդ օրը կամավորների մի խմբի հետ շտապել էր Արցախ՝ զինվորների համար հաց թխելու։ Արսինեն վստահ էր՝ թե իր թխած հացից որդուն չհասնի էլ, մի ուրիշ զինվոր կուշտ կլինի։
Նռնակաձիգ Էդգարը պատերազմի առաջին օրերին հասցրել էր մի քանի տանկ խոցել։ Մայրն էլ թիկունքն էր պահում. մինչեւ հոկտեմբերի 3-ը Ստեփանակերտում օրուգիշեր հաց էր թխել։ Որդու հետ զրուցել չէր հաջողվում, բայց գիտեր՝ քանի որդին սահմանին է, ինքն ապահով է։ Էդգարն այդպես էլ չհասցրեց տորթի մոմերը փչել, հոկտեմբերի 1-ին նա հավերժ 20 մնաց։
Տարիներ շարունակ վարձով էին ապրել։ Էդգարը որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո պիտի տուն գնեն, անպայման գյուղական բնակավայրում։ Տան ձեւն էլ էին գծագրել։ Չհասցրեց։
Պատերազմից մի քանի ամիս անց Արսինեն պատահաբար տեսել էր «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը Սյունիքի սահմանամերձ Նժդեհ գյուղից։ Ստելլան պատմում էր, որ գյուղը մեռնող է, ընդամենը 22 տուն կա, 27 երեխա է մեծանում։ Հենց այդ պահին էլ գրել էր Ստելլային։
«Արսինեն գրել էր. «Որդուս մահից հետո գտա իմ ապրելու իմաստը»։ Ասաց՝ ուզում է շարունակել որդու գործը՝ ծառայել հայրենիքին»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է Ստելլա Սարուխանյանը։
Սկզբում լուրջ չէր վերաբերվել, մտածել էր՝ Արսինեի փոխարեն էմոցիաներն են խոսում։ Մի բան է գեղեցիկ գաղափարներ ունենալը, մեկ այլ բան է վեր կենալ ու Երեւանից գնալ 250 կմ հեռու՝ մշտական բնակության։ Արսինեի որոշումը, սակայն, վերջնական էր։
Ստելլա Սարուխանյանը 10 տարուց ավելի է, շրջում է ՀՀ հեռավոր գյուղերով, բացահայտում մահամերձ, ծերացող գյուղերը։ Պատերազմից հետո թիրախը Սյունիքի մարզն է՝ 30 եւ ավելի քիչ ընտանիք ունեցող գյուղերը։ «Եթե դրանք ուշադրությունից դուրս մնան, 10-30 տարի հետո, երբ մահանան նաեւ բնակավայրի տարեցները, այդ գյուղերն էլ չեն լինի»,- ասում է Ստելլա Սարուխանյանը եւ ուրախությամբ արձանագրում՝ Էդգարի մայրը հենց այդպիսի գյուղեր է ընտրել։
Հեռավոր գյուղերը կամաց-կամաց կորցնում ենք, ինչն ունի նաեւ ռազմավարական մեծ նշանակություն։ Հեռավոր մարզերից ներքին արտագաղթ կա։ Գալիս են Երեւան կամ երեւանամերձ մարզեր, որ կարողանան ապրել։
Նժդեհ, Բնունիս, Տորունիք, Ցղունի, Դասատակերտ. հենց այս գյուղերն է «որդեգրել» Արսինե Սահակյանը։
Նժդեհն օդային սահմանով ընդամենը 6 կմ է հեռու Նախիջեւանից, հարակից Ցղունի գյուղում 8 մշտաբնակ ընտանիք է, 4 կմ՝ մինչեւ սահմանը։ Դաստակերտն էլ կարգավիճակով քաղաք է, որտեղ բնակվում է ընդամենը 80 մարդ, դպրոց է հաճախում 20 աշակերտ։
Արսինեն որոշել է՝ որդեգիր գյուղերին նոր շունչ պետք է տա. գյուղերում կյանք կա, որը պետք է շարունակվի ու շատանա։ Էդգարի մայրն ընդունվել է «Սոցիալական ձեռներեցների» դպրոց, գյուղական միջավայրում ձեռներեցության հմտություններ ձեռք բերել, սովորել աշխատանքային պլան մշակել, միջոցներ գտնել։
Սյունիքում տուն գնելու որոշումից հետո 7 ամիսների ընթացքում Արսինե Սահակյանը հասցրել է բազմաթիվ այցեր կատարել Սյունյաց սահման։ Տարբեր ծրագրեր են նախաձեռնել. գյուղերից մեկում դպրոցի սանհանգույցը կվերանորոգվի, մեկ այլ դպրոցում գրադարան է հիմնվել, մի գյուղում էլ շուտով կարի արտադրամաս կհիմնվի։ Նաեւ Արսինեի ընկերներն են այցելել, ապրել գյուղական կենցաղով ու ծանոթացել բնակիչների հետ։
Ստելլա Սարուխանյանն ասում է՝ թյուր կարծիք կա, որ այն գյուղերում, որտեղ պատմամշակութային հարուստ ժառանգություն չկա, գյուղական զբոսաշրջությունը զարգանալ չի կարող։ Մինչդեռ պետք է կենտրոնանալ անձերի շուրջը։ Հաջորդ կարեւոր պայմանն էլ քիմքի հիշողությունն է, եւ գյուղերի յուրահատուկ խոհանոցը հնարավորություն է տալիս հիշելու այդ բնակավայրի համն ու հոտը եւ վերադառնալու կամ ընկերներին հորդորելու այցելել։
«Այս ամենի հիմքը սոցիալական ձեռներեցությունն է. ամեն ինչ կառուցվում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ գյուղի շուրջը։ Եթե, օրինակ, 10 ընտանիք որոշում է հյուրատուն բացել, զբաղվել գյուղական զբոսարջությամբ, արդեն զբոսաշրջային կազմակերպություններն ու անհատներն էլ են նպաստում առաջընթացին»,- ասում է «Հայ գյուղ» ՍՁ ներկայացուցիչը։
Էդգարի տունը հինգ «որդեգիր» գյուղերից Բնունիսում է լինելու։ «Հյուրատան նպատակն է մթերքը գյուղացուց ձեռք բերել։ Օրինակ՝ եթե 10 հավ է պահում, կսկսի 20-ը պահել: Գյուղի կանանց սովորեցնելու ենք կարել, ոչ ավանդական մշակաբույսեր մշակել, կկարողանանք տարբեր աշխատատեղեր ստեղծել»,- ոգեւորությամբ պատմում է Էդգարի մայրը։
Ստելլան եւ Արսինեն նաեւ դրամահավաք են կազմակերպել։ Յուրաքանչյուրը, որ ծրագրին կնվիրի թեկուզ 1 դոլար, կդառնա Էդգարի տան անդամն ու հնարավորություն կունենա մեկ օր անվճար անցկացնելու այնտեղ ու ապրելու գյուղական կյանքով։
Մայիսին «Էդգարի տան» դռները կբացվեն հյուրերի առաջ։ Տունը միաժամանակ մոտ 20 հյուր կարող է ընդունել։ Տան վերանորոգման աշխատանքներին էլ կարող են մասնակցել բոլորն ու դառնալ Էդգարի տան անդամը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: