Մինչ Թուրքիայի իշխանամետ «Sabah» օրաթերթում ջանասիրաբար ներկայացվում են պետության ձեռնարկած բոլոր քայլերը՝ լիրայի հետագա արժեզրկումը որեւէ կերպ կանխելու համար, նշում, որ 2022-ին արժույթն ավելի կկայունացվի Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերի շնորհիվ, ու շղթայական ձեւով կկանգնեցվի նաեւ ոչ այնքան մեծ գնաճը, ընդդիմադիր թերթերում երեւում է քաղաքացիների ու երկրի տնտեսական ծանր վիճակը։
Փետրվարի 4-ին Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակեց տարեկան սղաճի ցուցանիշը՝ 48.69%, մինչդեռ Ինֆլյացիայի ուսումնասիրության ընկերությունը, որն անկախ փորձագետների ստեղծած կազմակերպություն է, նույն տարվա սղաճի ցուցանիշը հայտարարեց եռանիշ թվով՝ 114.87%: Իշխանամետ մամուլի աղբյուրներում վերջին թիվը չես տեսնի։ Իսկ ընդդիմադիր մամուլի բոլոր սյունակագիրներն ու տնտեսագետներն իրենց պարտքը համարեցին եռանիշ թվին հոդվածներ ձոնել ու հիշեցնել, թե ինչ ծանր վիճակում է Թուրքիայի միջին ու ցածր խավի քաղաքացին, որը հենց սղաճի իրական կրողն է։ «Sözcü» օրաթերթի որոշ լրագրողներ չհավատացին նաեւ եռանիշ թվի հավաստիությանը, բայց վստահ էին, որ պաշտոնական ցուցանիշը մեղմացված է։
Իսկ ի՞նչ է նշանակում սղաճը Թուրքիայի քաղաքացու համար՝ գազի, էլեկտրաէներգիայի, սննդի մի շարք տեսակների գնաճ, աշխատավարձերի կայուն ցածր մակարդակ։ Այս ամենի արդյունքում ցածր ու միջին աշխատավարձով ապրող քաղաքացիները ամենաշատն են տուժելու։
Պաշտոնական Թուրքիան երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության առաջնահերթ խնդիրներից մեկն է համարում պայքարն ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK), որը թուրքական իշխանությունների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը մեծ օդային օպերացիա են իրականացրել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ՝ ոչնչացնելով մեծ թվով քրդերի։ Փետրվարի 7-ին «Sabah» պարբերականը հայտնեց, որ սկսվել է նոր օպերացիա Դիարբեքիրում՝ ընդդեմ նույն PKK-ի, ու թուրքական իշխանությունը կանգ չի առնելու, մինչեւ ահաբեկչությունն իսպառ չվերացվի երկրից։ Արդյո՞ք դա իսկապես պայքար է ահաբեկչության դեմ, թե՞ ոչ, շարունակում է մնալ մեծ հարց։
Ներքին «պայքարից» զատ Թուրքիան շարունակում է ակտիվ հետեւել Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությանը՝ փորձելով իր վրա վերցնել միջնորդի դերը, որպեսզի խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով կարգավորվի խնդիրը։
Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, համագործակցային պայմանագրեր է կնքում իր ռազմավարական դաշնակցի հետ եւ հայտնում, որ առաջիկայում Ուկրաինայում անգամ արտադրվելու են թուրքական անօդաչուները։
Եթե ամեն ինչ Էրդողանի պլանավորածով ընթանա, փետրվարի ընթացքում Պուտինը պաշտոնական այց կունենա Ստամբուլ՝ քննարկելու հակամարտության լուծման հնարավոր տարբերակները։
Դե իսկ Կիեւ կատարած այցից հետո պարզվեց, որ Թուրքիայի նախագահը եւ առաջին տիկինը վարակվել են «Օմիկրոնով»։ Բոլոր լրատվամիջոցներն իրար խառնված փորձում էին հասկանալ՝ ինչ վիճակում է Էրդողանն, եւ արդյոք վիճակը ծանր է։ Թուրքիայի նախագահն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ ու հանգստացրեց բոլորին՝ հայտնելով, որ իր առողջությանը վտանգ չի սպառնում, հիվանդությունը շատ թեթեւ է։
Բուն Քովիդ-19-ի ու «Օմիկրոնի» մասին խոսելիս պետք է նշել, որ, ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների, «Օմիկրոնի» ի հայտ գալուց հետո վարակածների թիվը կտրուկ աճել է երկրում։ 2022 թվականի փետրվարի 6-ի դրությամբ Թուրքիայում վարակվածների թիվը 87.934 է, մահերի թիվը՝ 201, իսկ առողջացածներինը՝ 76.552։