Ֆրանսիական BFM TV-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ լավատեսորեն է տրամադրված Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ես ողջամիտ լավատեսությամբ եմ տրամադրված, թեեւ անսպասելի հրաշքների չեմ հավատում»,- նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը փետրվարի 7-ին բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նշել է, որ ՌԴ իր այցի նպատակը մեկն է` թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունն ավելի սրվի։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել է, որ Եվրոպայում անվտանգության իրավիճակը Մոսկվայի եւ Փարիզի ընդհանուր անհանգստնալու առիթ է:
«Կցանկանայի ընդգծել հետեւյալը. մենք ընդհանուր մտահոգություն ունենք Եվրոպայի անվտանգության ոլորտում տեղի ունեցողի առնչությամբ»,- նշել է ՌԴ նախագահը:
Ըստ ամերիկյան CNN հեռուստաալիքի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը դառնալ՝ փոխարինելով Գերմանիայի կանցլերի պաշտոնը թողած Անգելա Մերկելին:
Պուտինը եւ Մակրոնը առանձնազրույցից հետո համատեղ ասուլիս կտան։