ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում:
Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ մարդկանց օգնում վերադառնալու խաղաղ կյանքի։
«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում»,- ասել է ՌԴ նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփելիս:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր հերթին ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս անցկացված տեսակոնֆերանսի արդյունքները: