ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ պետքարտուղարության պատվիրակությունը մեկնում է Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների տեխնիկական համակարգումը Ուկրաինայի շուրջն իրավիճակի սրման դեպքում:
Ըստ Փրայսի՝ ԱՄՆ-ը շարունակում է եվրոպացի գործընկերների եւ դաշնակիցների հետ քննարկել այն հետեւանքները, որոնց կբախվի Մոսկվան ագրեսիայի դեպքում:
Ավելի վաղ բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա եւ Գերմանիա:
Հուսով են, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Նա համոզմունք է հայտնել, որ Բրյուսելում, այնուամենայնիվ, կհաղթանակի ողջամտությունը, եւ նմանօրինակ սահմանափակիչ միջոցների գործարկում տեղի չի ունենա: Ըստ նրա՝ հակառակ դեպքում դրա հետեւանքով կխաթարվի հենց միջազգային ֆինանսական համակարգի կայունությունը: