Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ փետրվարի 8-ի ժամը 11-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24616 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 միլիոն 350 հազար 454-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 հազար 221 խնամյալ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 միլիոն 124 հազար 442 մարդ։
Կորոնավիրուսը նախօրեին խլել է 54, ընդհանուր՝ 15 300 մարդու կյանք:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 755 հազար 879 մարդ, այդ թվում՝ նախօրեին՝ 4023 մարդ: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 43, ստացիոնարներում՝ 6082, քովիդ-հյուրանոցներում՝ 1897 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020-ի փետրվարի 26-ին:
Իմունային շերտը գերազանցում է գրեթե 90%-ը
Վրաստանի ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը հայտնել է, որ հունվարի 20-ից հետո հանրության մեջ նկատվում է վարակի ներքին տարածման բավականին լուրջ ցուցանիշներ։
Ըստ իմունոլոգի՝ վիրուսի տարածումը փետրվարի երկրորդ կեսից կնվազի։ Նա նշել է, որ երկրում կատարված թեստերի դրականության ցուցանիշը կազմում է ավելի քան 30%, ինչը վկայում է ներքին տարածվածության աննախադեպ մասշտաբի մասին:
«Իմունային շերտը կարճ ժամանակահատվածում արդեն գերազանցում է գրեթե 90%-ը, ինչն էլ օգնում է նվազեցնելու հիվանդությունների տարածման ալիքի եւ փոխանցման նվազեցումը»,- շեշտել է Կուլումբեգովը՝ հավելելով, որ դա կազդի Վրաստանում համաճարակաբանական վիճակի կայունացման վրա։
Գրանցվել է 72 տիպի գրիպի վիրուս
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ դեկտեմբերի կեսից մինչ օրս Վրաստանում գրանցվել է 72 տիպի գրիպի վիրուս:
Գամկղրելիձեն նշել է, որ այս տարի տարածված է A տիպի H3 վիրուսը, շրջանառվում են նաեւ շնչառական-սինցիցիալ՝ ադենո եւ էնտերո վիրուսներ։ Ըստ Գամկղրելիձեի՝ հիվանդների շրջանում կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսի միաժամանակյա լաբորատոր հաստատված դեպք դեռեւս չի գրանցվել։
«Հիմա շնչառական վիրուսների սեզոն է, եւ կորոնավիրուսի հետ մեկտեղ շրջանառվում են նաեւ այլ շնչառական վիրուսներ, այդ թվում՝ գրիպի վիրուսը։ Այս տարի հիմնականում տարածված է գրիպի A տիպի H3 վիրուսը, գրանցվել է նաեւ A տիպի H1 եւ գրիպի B տիպի վիրուս: Համեմատաբար ավելի քիչ են ռինովիրուսը, շնչառական-սինցիցիալ վիրուսը, ադենովիրուսը, էնտերո վիրուսը»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն։