Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն: Ըստ նրա՝ իսկապես, ապագայում նման այց նախատեսվում է, եւ դրա շուրջ Պուտինն ու Էրդողանն արդեն պայմանավորվել են։
«Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցը եւ համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Ստույգ ժամկետներ չկան դեռ, բայց դրանք դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ժամանակին կհամաձայնեցվեն»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր, թե Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ մոտ օրերս։