Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները պիտի հետեւեն արդի իրողություններին եւ հաշտվեն Ռուսաստանի հետ վերամիավորվելու ղրիմցիների պատմական ընտրության հետ:
Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Փերինչեքն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիան ստիպված է ընդունել Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, իսկ դրա փոխարեն Ռուսաստանը կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:
«Ժամանակն է, որ Թուրքիայի իշխանությունների կուսակցությունները խելացի հաշվարկ անեն եւ հետեւեն արդի իրողություններին, Ղրիմի թերակղզին ճանաչեն Ռուսաստանի մաս եւ հաշտվեն Ղրիմի՝ հայրենի հանգրվան վերադառնալու ղրիմցիների պատմական ընտրության հետ»,- նշել է Ումերովը:
Ումերովը հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները, հրաժարվելով Ղրիմը ճանաչելուց, առայժմ ընտրել են Ուկրաինային սիրաշահելու մարտավարությունը: Ըստ նրա՝ դա սոսկ տնտեսական շահի այսրոպեական ցանկություն է եւ ոչ ավելին:
«Ուկրաինան կանգնած է անխոհեմ քայլերի շեմին, որոնք կարող են վերջնականապես երկրի երեսից ջնջել ուկրաինական պետություն երեւույթը»,- ընդգծել է Ումերովը եւ հավելել, որ, անկախ «այդ կեղտոտ խաղի» վախճանից, Ղրիմի թաթարները բոլոր ոտնձգություններից պաշտպանելու են Ռուսաստանի ինքնիշխան սահմաններն ու ռուսական Ղրիմի շահերը: