Արցախի դատախազությունից հայտնել են, որ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին` ժամը 12-ի սահմաններում։
«Ասկերանի մերձակայք «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական դիրքից խոշոր տրամաչափի գնդացիրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի եւ Ա.Հ.-ի ուղղությամբ։ Նրանք այդ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում»,– նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ։
Մինչեւ ոստիկանության աշխատակիցների ժամանելը կրակոցներից պաշտպանվելու համար բանվորները շուրջ 2 ժամ ստիպված թաքնված են մնացել։ Այդ ընթացքում նրանք զանգել եւ դեպքի մասին իրազեկել են իրենց տնօրենությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Արցախի ոստիկանությունը ձեռնարկում է քրեադատավարական միջոցառումներ: