Ըստ «Nature Biomedical Engineering» գիտահանրամատչելի հանդեսի՝ Չինաստանի գիտնականները մշակել են կորոնավիրուսի էքսպրես-թեստ: Էլեկտրամեխանիկական չափիչի տեսքով թեստը ՊՇՌ-թեստի պես նույնքան ճշգրտորեն հայտնաբերում է վիրուսի առկայությունը:
Շանհայի Ֆուդանի համալսարանի գիտնականները զեկույցում նշել են, որ SARS-CoV-2-ը հայտնաբերելու համար էլեկտրամեխանիկական կենսաչափիչը զետեղել են դյուրակիր սարքի մեջ եւ ցույց տվել, որ թեստը վիրուսը հայտնաբերում է չորս րոպեից պակաս ժամանակի ընթացքում:
Գիտնականները նոր թեստի փորձարկումներ են անցկացրել Շանհայի՝ կորոնավիրուսով վարակված եւ ՊՇՌ-թեստավորում անցած 33 բնակիչների վրա: Գիտնականների տվյալներով՝ կենսաչափիչի տեսքով թեստը միկրոէլեկտրոնիկան կիրառում է քսուքի օգնությամբ վերցված գենետիկ նյութը հետազոտելու համար:
Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ ՊՇՌ-թեստերը համարվում են ՔՈՎԻԴ-19-ի ախտորոշման ամենաստույգ եղանակը: Սակայն այդպիսի հետազոտության արդյունքը հաճախ կարելի է ստանալ միայն մի քանի ժամ անց:
Հունվարին Հարավային Կորեայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում հայտնել են, որ Հարավային Կորեայի մի խումբ հետազոտող գիտնականներ մշակել են կորոնավիրուսի մանրէահիմքերը կես ժամում հայտնաբերող կենսաչափիչ: Ավելին՝ կենսաչափիչը նաեւ ցուցաբերել է ՊՇՌ-թեստի արդյունավետության հետ համեմատելի ակտիվություն:
Փետրվարի 4-ից Պեկինում անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերի առթիվ Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այդ շրջանակում երկրով մեկ անցկացվում են ՔՈՎԻԴ-19-ի զանգվածային թեստավորումներ: