ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշ մանրամաներ է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումից:
Մեկնաբանելով բանակցությունների հինգժամյա տեւողությունը՝ Պեսկովը նշել է, որ Պուտինի եւ Մակրոնի միջեւ խիստ կառուցողական եւ բովանդակալից հարաբերություններ են ձեւավորվել, որոնք երկու նախագահներին թույլ են տալիս շատ ժամանակ անցկացնել եւ երկար բանակցել։ Նա հավելել է, որ բացի դրանից՝ տեւական զրույցը բխում էր նաեւ ստեղծված արտակարգ իրավիճակից:
Ասուլիսից հետո էլի զրուցել են
«Մենք իսկապես ենթադրում էինք, որ կարող է ձգձգվել, հատկապես որ պարոն Մակրոնը որոշել էր Կիեւ մեկնելուց առաջ գիշերել Մոսկվայում»,- շեշտել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահները մամուլի ասուլիսից հետո եւս մոտ 20-25 րոպե զրուցել են։
Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ինչու Մակրոնը չի գիշերել Կրեմլում, Պեսկովը պատասխանել է, որ դա հյուրերի ընտրությունն է եղել։ Ըստ նրա՝ Կրեմլի հյուրերի մեծ մասը, ավանդաբար, գերադասում է հանգրվանել հյուրանոցում, քանի որ այնտեղ հնարավոր է բոլորին նույն հատվածում տեղավորել:
Ըստ Պեսկովի՝ Ֆրանսիայի նախագահին Կրեմլում հյուրասիրել են ռուսական խոհանոցի կերակրատեսակներով եւ ռուսական գինիներով։
Զորավարժություններից հետո ռուսական զորքը Բելառուսից կհեռանա
Պեսկովը նշել է, որ Պուտինը հանուն Ուկրաինայի հետ «գորդյան հանգույցը» քանդելու պատրաստ է ցանկացած հանդիպման։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, ապրիորի, իհարկե, ոչ ոք հանդիպման գաղափարից չի հրաժարվում, եթե դա իսկապես կօգնի։ Սակայն Կրեմլում առայժմ չեն հասկանում՝ ինչ հարցեր կարող են քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքը Բելառուսից կհեռանա։ Պեսկովը հավելել է, որ ՌԴ զորքերի՝ Բելառուսում մնալու մասին երբեք ակնարկ չի եղել։