Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում կվերակառուցվեն Երեւանի երկու՝ Նոր Դալմայի եւ Նորքի ջրանցքները:
Նոր Դալմայի ջրանցքը սնվում է Քանաքեռ ՀԷԿ-ի ճնշումային ավազանից: Նախատեսված է Երեւանի Դավթաշեն եւ Աջափնյակ, այդ թվում Սիլիկյան թաղամասի, վարչական շրջանների 242 հա հողատարածքներին ջուր մատակարարելու համար։ Սակայն ներկայում փաստացի ոռոգում է մոտ 70 հա տարածք: Ոռոգման ջրի կորուստները գերազանցում են 40%-ը:
Ինչպես տեղեկացանք ջրանցքի վերականգնման աշխատանքների նախագծային փաստաթղթերի եւ բնապահպանական նախնական գնահատման հայտի հասարակական քննարկման ժամանակ, ջրանցքի վատթար վիճակի պատճառով ջրի զգալի մասը կորչում է «Հայֆիլմ» կինոստուդիային հարող հատվածում, մնացածն էլ՝ մինչև վերջնակետին հասնելը: Արդյունքում մի շարք սպառողներ զրկվում են ջրից, մյուսներն էլ ապօրինի միացումներ են իրականացրել ու գաղտագողի ջուր են վերցնում:
Ըստ «ՀԳՇՆ» ՍՊԸ նախագծողների՝ ջրանցքի վերականգնման շնորհիվ կորուստները նվազագույնի կհասցվեն, եւ կառավարելի կդառնա ջրամատակարարումը: Բաց հատվածները կվերակառուցվեն, իսկ մյուսների մաշված խողովակները կփոխարինվեն նորերով: Բարվոք վիճակում է միայն Վահագնի թաղամասով անցնող հատվածը:
Այսօր ջանցքը նաեւ աղբատար է ծառայում անբարեխիղճ քաղաքացիների համար: Այդ պատճառով բացից փակ անցման հատվածներում աղբորսիչ ցանցեր կտեղադրվեն: Քննարկմանն առաջարկ եղավ նաեւ որոշ հատվածներում ցանցերով ծածկել ջրանցքը, մասնավորապես Քասախ գյուղին հարող հատվածում, քանի որ այստեղ դեպի ջրանցք աղբ են նետում նաեւ ավտոմեքենաներից՝ չնայած հարեւանությամբ աղբամանների առկայությանը:
Նախնական հաշվարկով ջրանցքի վերակառուցումը կարժենա շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ:
Վերականգնման աշխատանքների ժամանակ կարող են խնդիրներ կամ դժվարություններ առաջանալ, քանի որ, օրինակ, Լաթար համալիրի հատվածում ջրանցքին տեխնիկայով մոտենալն ուղղակի անհնար է, Սիլիկյան գերեզմանատան, ինչպես նաեւ որոշ բնակելի հատվածներում խախտված է սպասարկման գոտին. դեպի ջրանցք ճանապարհները զավթված են:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը հայտնել է իր աջակցությունը՝ հանրության շրջանում համապատասխան բացատրական աշխատանք տանելու առումով: Նկատենք, որ քննարկմանը ջրանցքից օգտվողներից կամ ջրանցքին հարող տարածքներում բնակվողներից ոչ ոք ներկա չէր:
Ինչ վերաբերում է Նորքի ջրանցքին, ապա այն եւս սկիզբ է առնում Քանաքեռ ՀԷԿ-ի ավազանից: Նորքի ջրանցքի խնդրահարույց հատվածը Էրեբունի վարչական շրջանի տարածքում է: Այստեղ այն բաժանվում է երկու ճյուղի եւ 40 ու 63 սմ տրամագիծ ունեցող ճնշումային ջրատարների (դյուկեր) միջոցով պետք է ջուր մատակարարեր Մուշական ու Ջրաշեն բնակավայրերին: Սակայն ջրատարներից առաջինը խցանված է եւ ընդհանրապես չի գործում: Արդյունքում 3 օր Մուշականն է ջուր ունենում, 3 օր՝ Ջրաշենը: Դյուկերների անմխիթար վիճակի պատճառով ոռոգվում է ընդամենը 65 հա տարածք: Կորուստները հասնում են մինչեւ 40%-ի:
Ջրատարների վերականգնման շնորհիվ հնարավոր կլինի վերացնել կորուստներն ու ոռոգելի դարձնել եւս 210 հա տարածք: Ոռոգման ջրի ջրամատակարարումն էլ մշտական կլինի: Թերեւս միայն շաբաթ-կիրակի օրերին ջուրը չբավականացնի, երբ Նորքի ջրանցքի մեկ այլ ճյուղով ջուր է մատակարարվում Նոր Խարբերդին: Ջրատարն արդեն վերանորոգվել է, այս տարվանից այն ջուր կմատակարարի նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանին: Ինչ վերաբերում է Վարդաշեն թաղամասին, ապա ներտնտեսային ցանցի վերականգնման ծրագիր առայժմ չկա:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն (ՈՀԱԾ) իրականացվում է Եվրասիական բանկի հակաճգնաժամային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի հունիսին: Համաձայն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական տեղեկատվության՝ ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 40 միլիոնը Եվրասիական զարգացման բանկի տրամադրած վարկն է, 10 միլիոն դոլարին համարժեք համաֆինանսավորում էլ հատկացրել է ՀՀ Կառավարությունը:
Ծրագիրը ներառում է հիմնականում Արարատյան դաշտի ու նախալեռնային գոտու մեխանիկական ոռոգումը ինքնահոսի վերածող համակարգերի կառուցում, մայր եւ միջտնտեսային ջրանցքների վերականգնում, որոշ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում, Ջուրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) աշխատանքի արդյունավետության բարձրացում:
Ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ տարեկան 14.37 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի տնտեսում, մոտ 1,26 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, տարեկան մոտ 0,67 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շահագործման ու պահպանման ծախսերի կրճատում (ինքնահոս համակարգերի կառուցումից հետո), ոռոգվող տարածքների ընդլայնում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։