2021 թվականի դեկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է շրջաբերական, ըստ որի՝ այսուհետ միջազգայնորեն ճանաչված «Turkey» անվան փոխարեն պետք է կիրառվի «Turkiye» տարբերակը։ TRT World-ը պատրաստել է ծավալուն նյութ՝ պատասխանելու այն հարցին, թե ինչու եւ ինչի արդյունքում է նման որոշում կայացվել։
«Turkiye» բառը լավագույնս ներկայացնում է թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները»,- ասվում է շրջաբերականում։
Միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխությունը տարբեր երկրների կողմից այնքան էլ արտառոց ու չլսված երեւույթ չէ, նշվում է հոդվածում, ու բերվում են տարբեր երկրների անվանափոխման պատմություններ, ինչպիսիք են, օրինակ, Նիդերլանդները, Իրանը, Հյուսիսային Մակեդոնիան։ Անվանափոխման պատճառները տարբեր են՝ քաղաքական, մշակութային կամ պարզապես ավելի հեշտ արտաբերման համար։ Ընդհանուր առմամբ 11 պետություն փոխել կամ մանր փոփոխության է ենթարկել իր անվանումը։
Ուրեմն, ինչո՞ւ «Turkiye»
Այս հարցին ի պատասխան՝ հոդվածում նշվում է, որ, առաջին հերթին, թուրքերենում երկրիրը կոչվում է հենց «Թուրքիյե»։ Այն ձեռք է բերվել 1923-ին անկախության հռչակումից հետո։ Դարերի ընթացքում եվրոպացիներն ամենատարբեր անուններով են կոչել Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նաեւ Թուրքիան։ Բայց ամենից տարածվածները լատիներեն «Turquia» ու շատ ավելի լայն կիրառություն ունեցող «Turkey» տարբերակներն են։
Երբ Google-ում որոնում ես կատարում «Turkey» բառով, միանգամից հայտնվում են Հյուսիսային Ամերիկայում հայտնի հնդկահավերի մասին մի շարք հոդվածներ ու նկարներ։ Քեմբրիջի բառարանում «turkey» բառի բացատրությունն է՝ «ինչ-որ խիստ ձախողված բան» կամ «հիմար մարդ»։
Այս ոչ այնքան հաճելի զուգորդումն ունի խոր արմատներ, կարծում է հոդվածագիրը՝ որպես տարբերակ նշելով, թե իբր եվրոպացի գաղութարարները, ոտք դնելով Հյուսիսային Ամերիկա, հանդիպել են հնդկահավերի, բայց սխալմամբ կարծել, թե դրանք խայտահավեր են, որոնք Օսմանյան կայսրության միջոցով արեւելյան Աֆրիկայից արտահանվել են Եվրոպա։
Թուրքիայի բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկիրն անվանել տեղի բնակիչների տարբերակով ամենատրամաբանականն է։
Ի հավելումն՝ շրջաբերականում հստակ նշվում է, որ այսուհետ «Թուրքիյե» բրենդն ավելի ամրապնդելու ու տարածելու նպատակով, հատկապես պաշտոնական հարաբերությունների հաստատման ժամանակ մեծապես ուշադրություն է դարձվելու հենց «Turkiye» տարբերակի կիրառմանը՝ «Turkey», «Turkei», «Turqui»-ի փոխարեն։
Բայց մինչեւ կառավարության այս որոշումը մի շարք բիզնես ընկերություններ արդեն վաղուց օգտագործում էին հենց «Turkiye» տարբերակը։ 2020-ին Թուրքիայի արտահանողների միությունը եւ թուրքական արտահանման հովանոցային կազմակերպությունը հայտատարեցին, որ այսուհետ բոլոր պիտակների վրա գրվելու է «Made in Turkiye» (արտադրված է Թուրքիյեում), որպեսզի միջազգային շուկայում կատարվի թուրքական բիզնես արտադրանքի եւ բրենդինգի ստանդարտավորում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը