ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հեռանկարների մասին:
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակում անցկացված «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ որոշակի զգուշավոր լավատեսություն կա կարգավորման շուրջ։
Ստանիսլավ Զասը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու Արցախ ռուսական խաղաղապահների մուտքից հետո իրավիճակը կայունացել է, դադարել է արյունահեղությունը:
«Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, այնտեղ սահման, որպես այդպիսին, չկա, կան շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել է Զասը։
Ըստ գլխավոր քարտուղարի՝ կողմերի առջեւ ներկայում սահմանազատման եւ սահմանագծման լուրջ խնդիր կա: Ըստ նրա՝ դա մեծ եւ բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դրա շնորհիվ հնարավոր կլինի էականորեն ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:
«Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան, եւ ուրիշ դարաշրջան է սկսվում։ Ես կարող եմ սխալվել այդ լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք ներկայում արվում են խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։