ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել է, որ ՀՀ-ում նախորդ 14 օրվա համեմատ վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 437 տոկոսով։
Ըստ Աբովյանի` վերջին 14 օրում 3-5 տարեկան երեխաների շրջանում վարակման դեպքերն ավելացել են 7,3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում`4 անգամ, 18-23 տարեկանների շրջանում` 5,3 անգամ: նշված ժամանակահատվածում վարակի վերարտադրողական ցուցանիշը 1.1 է։ Շարունակվում են արձանագրվել վարակման դեպքեր 0-18 տարեկանների շրջանում։
Աբովյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում։
Հիվանդությունը պատվաստվածների շրջանում բավականին թեթեւ կամ միջին ծանրության է ընթանում։ Հոսպիտալացման դեպքեր կան, բայց «Դելտա» մանրէահիմքի համեմատ «Օմիկրոնով» հոսպիտալացման դեպքերը մի քանի անգամ քիչ են։
Միայն Երեւանի դպրոցներում՝ կորոնավիրուսի 1098 դեպք
Աբովյանն ընդգծել է, որ Հայաստանի դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում երեխաների եւ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 1563, միայն Երեւանի դպրոցներում՝ 1098 դեպք։
Դպրոցներում, ըստ Աբովյանի, ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության, այլեւ սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների վերաբերյալ։
«Շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս եւ ավելի դեպքեր, անցնում են մասնակի հեռավար ուսուցման»,– շեշտել է Աբովյանը։
Թոքաբորբով 317 հիվանդից 57-ը 0-18 տարեկան են
Ռոմելլա Աբովյանը հայտնել է նաեւ, որ ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով եւ գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն, ըստ պոլիկլինիկաների դիմելիության եւ շտապօգնության կանչերի, ավելացել է 2,5 անգամ։
Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ։ Աբովյանը նշել է, որ դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան եւ 30-64 տարեկան անձանց շրջանում։ Ըստ նրա` ՀՀ–ում փետրվարի 8–ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 456 խնամյալ, 84,8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 խնամյալ կա, որից 57-ը 0-18 տարեկան են:
Ըստ Աբովյանի՝ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների եւ ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն: Արդյունքում 207 անձանց մոտ հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն, որից 72-ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։