3.1 միլիարդ եվրո արժողությամբ Չանաքքալեի կամրջի (կառուցված Դարդանելի նեղուցի վրա) աշխատանքներն ավարտվելու են 10 օրից, հայտնում է «Sabah» օրաթերթը։
Ահռելի ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետում։ Կամրջի կառուցման գաղափարն առաջին անգամ ծագել է դեռեւս 1984-1989 թվականներին։ Ավելի ուշ՝ 1994-ին, օրակարգ վերադարձած ծրագրի իրագործման համար 1995-ին անցկացված մրցույթում հաղթող շինարարական կազմակերպությունը հայտարարեց, որ ծրագիրն իրագործելի չէ։
2017-ին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Բինալի Յըլդըրըմը նորից օրակարգ բերեց Չանաքքալեի կամրջի կառուցման հարցը։ 2017 թվականի մարտի 17-ին դրվեց կամրջի հիմքը։
Կամուրջն ունի աշխարհում ամենաերկար կենտրոնական բացվածքը, ամենաբարձր սյուները եւ 65.000 տոննա ծանրությունը կրելու հնարավորություն։
Կառուցված է ծովի մակարդակից 318 մետր բարձրության վրա։ Ծառայելու է որպես այլընտրանք՝ նպատակ ունենալով թեթևացնելու Ստամբուլում կառուցված՝ նեղուցի երկու կողմերն իրար կապող կամուրջների երթեւեկությունը։ Շինարարությունը շարունակվել է նաեւ Քովիդ 19-ի պայմաններում, աշխատանքներին մասնակցել է 12.000 մարդ, նշում է պարբերականը։
Կամրջով երթեւեկելիս նեղուցի երկու կողմերի միջեւ ճանապարհը կտեւի մոտ 6 րոպե։ Մուտքը վճարովի է, նախնական տվյալների համաձայն՝ 15 եվրո։
Կամուրջը կոչվելու է «1915 Չանաքքալե»՝ ի հիշատակ 1915 թվականի մարտի 18-ին Դարդանելի նեղուցում Օսմանյան կայսրության եւ Անտանտի երկրների միջեւ տեղի ունեցած ծովամարտում օսմանյան ուժերի տարած հաղթանակի։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը