Ըստ Թուրքական «Sabah»-ի՝ երկրում մեծ թափով աշխատանքներ են տարվում տիեզերական տեխնոլոգիաների ուղղությամբ, ինչին նախագահ Էրդողանը մեծ կարեւորություն է տալիս։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության վերահսկողությամբ իրականացվող 5 կարեւոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Թուրքիան դառնալու է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի հատուկենտ հզոր երկրներից մեկը։
Հաղորդակցական արբանյակների, տարածաշրջանային օդային պաշտպանական համակարգերի, հեղուկ եւ կոշտ վառելիքով հրթիռների ու հիբրիդային հրթիռների տեղայնացման շնորհիվ Թուրքիան տիեզերական տեխնոլոգիաների հարցում կարող է դառնալ ամբողջովին ինքնաբավ պետություն։ Մյուս կողմից նշվում է նաեւ, որ դաշնակից երկրների հետ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը նույնպես ամբողջ թափով շարունակվելու է, հայտնում է պարբերականը։
Տիեզերքում արբանյակ ունեցող 30 երկրներից մեկը հանդիսացող Թուրքիան նախատեսում է 2023 թվականին տիեզերք ուղարկել 6A արբանյակը, որից հետո տիեզերքում գտնվող թուրքական արբանյակների թիվը կհասնի 9-ի։
Օդային պաշտպանության հարցում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարությանն է հանձնել A+ եւ O+ հրթիռային համակարգերը։ Հաջողությամբ իրականացվել են նաեւ հեռահար օդային պաշտպանության SİPER համակարգի փորձարկումները։
Տիեզերքի ոլորտում արբանյակների ու արբանյակների բացթողնման համակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է ROKETSAN-ը: 2026-ին ROKETSAN-ի՝ Միկրո արբանյակ բաց թողնելու համակարգի (MUFS) շնորհիվ Թուրքիան հնարավորություն կունենա արբանյակներն ու տիեզերական փոխադրամիջոցները երկրի ներսից բաց թողնել՝ այսպիսով դառնալով տիեզերական ոլորտում մրցակցային պետություն, նշում է «Sabah»-ը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը