Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախագահի` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ փետրվարի 15-ին Մոսկվայում կքննարկի ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Քննարկվելու է ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արեւելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ու ԵԱՀԿ–ի մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության ու կայունության ժնեւյան քննարկումներին»,- շեշտել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ բանակցությունների օրակարգում ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակն է, 2022 թվականի աշխատանքային ծրագիրը: Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամ պետությունների միջեւ վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին:
Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմի համար կարեւոր է, որ ԵԱՀԿ երկրները նույն կերպ հասկանան կազմակերպության գագաթնաժողովների, 1999-ի եվրոպական անվտանգության խարտիայի ու 2010-ի Աստանայի հռչակագրի փաստաթղթերում ամրագրված` անվտանգության անբաժանելիության սկզբունքը եւ պատշաճ կատարեն այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունը չամրապնդելու վերաբերյալ իրենց պարտավորությունները: