Բրիտանական «Daily Mail» պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոսկովյան հանդիպման ժամանակ Փարիզի մյուս գործընկերների հետ չհամաձայնեցված մի քանի առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ըստ պարբերականի՝ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինայի համար ապահովել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հնարավորությունը բացառող չեզոք կարգավիճակ։
«Daily Mail»-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահի առաջարկները նախկինում եւս չեն արժանացել ՆԱՏՕ-ում Փարիզի դաշնակիցների, հատկապես Մեծ Բրիտանիայի հավանությանը։ Բրիտանական կառավարությունում «Daily Mail»-ին հայտնել են, որ Մակրոնը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից առաջ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցելու փորձ անգամ չի արել։
Ուկրաինային չեզոք կարգավիճակի մասին Մակրոնի առաջարկին չեն աջակցել ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ Ուկրաինան:
Սակայն Կիեւում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ տեսնում է Մոսկվայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հնարավորություն եւ պատերազմը կանխելու որոշակի, գործնական լուծումներ։
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Ֆրանսիայի նախագահի այցը Մոսկվա որոկել է իբրեւ դրական ազդանշան եւ լավ նախաձեռնություն:
«Այցը թուլացրեց Ուկրաինայի պատճառով Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ ստեղծված լարվածությունը, բայց դա, այնուամենայնիվ, հրաշք չէր»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: