Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ցանկացած պահի, Ուկրաինայի շուրջն իրադրությամբ պայմանավորված, պատրաստ են որոշում ընդունելու հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք միակարծիք ենք, որ բոլորս միասին ենք գործելու»,- շեշտել է կանցլերը:
Միեւնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Արեւմուտքը պետք է պատրաստ լինի շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ պետք է պահպանել երկակի մոտեցումը եւ պատրաստակամ լինել բանակցելու տարբեր մակարդակներով ու ձեւաչափերով:
Շոլցը հավելել է, որ եթե, այնուամենայնիվ, բանը հասնի Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային, Արեւմուտքի երկրները պետք է դրան արձագանքելու հնարավորություն ունենան:
Իրավիճակի սրման դեպքում Ճապոնիան գազ կմատակարարի ԵՄ-ին
Ճապոնիայի իշխանությունները որոշել են ԵՄ երկրներին հեղուկացված բնական գազ (LNG) մատակարարել Ուկրաինայի շուրջն իրավիճակի սրման դեպքում:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ տվյալ պահին ճապոնական կողմը դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ծավալով ու ժամկետում են կատարվելու մատակարարումները: Պարզ չէ նաեւ՝ ինչ գազ է Ճապոնիան օգտագործելու այդ նպատակի համար՝ իր պաշարների՞ց, թե՞ երրորդ երկրից պայմանագրով ստացված հեղուկ գազը:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրի էներգետիկ ընկերությունների գազային պաշարները նախատեսված են ընդամենը 2-3 շաբաթվա սպառման համար։