Բոլորս էլ երբեմն հայտնվում ենք դժվար դրության մեջ։ Հաճախ այդ իրավիճակը թվում է «անելանելի»։ Մենք էլ հույսներս կորցնում ենք, հայտնվում դեպրեսիայի ու ապատիայի վիճակներում: Ամենը «պատվում է գորշ գույներով», մեր ամենօրյա գործերն անգամ դժվարանում ենք անել ու չենք տեսնում որեւէ հնարավոր շարունակություն։
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում։
Այս հարցին իմ ընկեր Արամը պատասխանեց. «Պետք է Բարոն Մյունհաուզենի պես բռնենք մեր մազերից եւ դուրս քաշենք մեզ ճահճից»։ «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում է Օլեգ Յանկովսկին, Բարոնին հարցնում են՝ «արդյո՞ք հնարավոր է, որ մեկը կարողանա հանել ինքն իրեն ճահճից՝ քաշելով իր մազերից»։ Բարոնը պատասխանում է՝ «Հնարավոր է, եթե կա գլուխ»։
Այո՛, նման «անելանելի» իրավիճակներից ելքը գտնելու ճանապարհը սկսվում է գլխից, երբ մեր մտքում տեղաշարժ է լինում։ Հուսահատություն եւ անելանելիություն ներշնչող մտքերը փոխարինվում են հարցով՝ «մի՞թե ելք չկա այս իրավիճակից»։
Փնտրում ենք ելք
Նման իրավիճակներից միշտ ելք կա։ Ուղղակի մենք այն չենք տեսնում, քանի որ կանխավ համարում ենք, որ, միեւնույնն է, այն չկա։ Եվ, հետեւաբար, չենք փնտրում։ Իրավիճակը փոխվում է, երբ սկսում ենք փնտրել:
Ճանապարհի սկիզբը գիտակցելն է՝ գուցե մենք սխալվում ենք՝ համարելով, որ ելք չկա։ Իսկապես, մենք գիտենք միայն այն, որ չենք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից: Բայց սկզբունքորեն չենք կարող իմանալ՝ արդյոք այն կա՞, թե՞ ոչ: Ուրեմն ճիշտ հետեւությունն է՝ «հնարավոր է՝ իրականում կա ելք, բայց ես այն չեմ տեսնում»:
Այդ դեպքում ի՞նչ անենք: Սկսենք փնտրել այդ հնարավոր ելքը: Փնտրում ենք ամենուրեք՝ համացանցում, սրտացավ մարդկանց խորհուրդներում, կարդացած գրքերում: Օգտակար կարող են լինել այն մարդկանց օրինակները, որոնք կարողացել են հաղթահարել նման դժվարությունները եւ գրել իրենց պատմությունը:
Նման պատմություններ եւ իրոք օգտակար խորհուրդներ կարող ենք գտնել «Жить интересно» կայքում, որի հիմնադիրը մեր հայրենակից Արմեն Պետրոսյանն է: Օգտակար կարող է լինել նաեւ նպատակներին հասնելու նրա առաջարկած գործընթացը, որ կոչվում է «Стодневка — экспедиция к новому Я»:
Նախ արձանագրում ենք, որ մեզ համար ամենակարեւորը դժվար իրավիճակից ելք գտնելն է, եւ մենք փնտրում ենք այդ հնարավոր ելքը: Ու քանի որ չգիտենք, թե որտեղ փնտրել, փնտրում ենք ամենուր:
Դո՛ւրս եկեք քայլելու
Առաջին խորհուրդը, որ ցանկացած խնդրի լուծման համար օգտակար է, հետեւյալն է՝ «դո;ւրս եկեք քայլելու»։ Քայլի՛ր եւ ինքդ քեզ հարցե՛ր տուր՝ որո՞նք են իմ դժվարությունների պատճառները, ո՞նց գտնեմ լուծումներ այս խնդիրներին։ Քայլելիս նայի՛ր երկնքին, մարդկանց, ծառերին, անցնող մեքենաներին ու շարունակի՛ր մտորել քո հարցերի շուրջ։ Թո՛ղ քո ուշադրությունն անցնի մեկից մյուսին։ Պտտի՛ր քո խնդիրները մտքումդ։ Նայի՛ր այս կողմից, այն կողմից եւ թո՛ւյլ տուր, որ պատասխանները հայտնվեն։ Չկասկածե՛ս՝ նրանք հայտնվելու են։ Հավատա՛՝ փնտրողը գտնում է:
Լուծումները շատ ավելի հեշտությամբ կգտնվեն, եթե որոշենք, ժամանակ հատկացնենք եւ գնանք քայլելու սարերում, անտառներում:
Ինչո՞ւ է օգնում քայլելը: Օգնում է, քանի որ փոխվում է միջավայրը, որտեղ մենք սովոր ենք լինելու հուսահատ, չտեսնելու ելքեր: Անհեթեթ է մտածել, թե հնարավոր է լուծել խնդիրներն այն նույն տեղում, որտեղ նրանք ծնվել եւ բարգավաճում են: Պետք է փոխել իրավիճակը:
Փոփոխություններ
Եթե ուզում եք իրոք հաղթահարել դժվարությունները, գտնել ելքեր իրավիճակից, սկսե՛ք փոփոխություններ իրականացնել։ Կարելի է վերադասավորել սենյակի կահույքը, փոխել մահճակալի դիրքը, ճաշացուցակը, մի խոսքով՝ հնարավոր ամեն ինչ: Փոխե՛ք նաեւ ձեր առօրյան: Օրը սկսե՛ք մի բաժակ ջուր խմելուց, ամեն առավոտ ֆիզիկական վարժություննե՛ր կատարեք։ Փոխե՛ք աշխատանքի գնալու երթուղին։ Եթե գնում եք ավտոբուսով, մեկ-երկու կանգառ շո՛ւտ իջեք եւ շարունակե՛ք ձեր ճանապարհը ոտքով։ Կես ժամ շո՛ւտ պառկեք քնելու եւ կես ժամ շո՛ւտ արթնացեք: Ինքներդ կարող եք որոշել, թե ինչ այլ փոփոխություններ իրականացնեք:
Փոխե՛ք հնարավորը եւ «անհնար» թվացողում եւս կնկատեք փոփոխություններ: Արե՛ք քայլեր եւ կնշմարեք բազմաթիվ այլ հնարավորություններ:
Գրելն օգնական
Ցանկացած անհասկանալի իրավիճակում գրելը լավագույն օգնականը կարող է լինել: Առավել եւս այն անփոխարինելի է, եթե հայտնվել եք «անելանելի» դրության մեջ: Գնե՛ք ձեր սրտով տետր եւ գրիչներ եւ գրե՛ք այն ամենն, ինչ հուզում է ձեզ: Գրե՛ք այն ամենն, ինչ գալիս է ձեր միտքը:
Գրելն օգնում է այլ աչքերով տեսնելու եւ դասակարգելու ձեր խնդիրները, հասկանալու առաջնահերթությունները: Այն սովորեցնում է լսել ինքներս մեզ: Հարցրեք ձեզ՝ «ինչո՞ւ եմ ես հայտնվել այս իրավիճակում», «ինչպե՞ս գտնեմ լուծումներ»։ Շարունակե՛ք գրել: Պատասխանները կհայտնվեն, եւ դուք ավելի հստակ կսկսեք տեսնել լուծումները:
Ասում են՝ երկու էջից ավելի մարդը չի կարողանում ինքն իրեն խաբել:
Երբ մենք գրում ենք, փոխվում է երեւույթի նկատմամբ մեր կարգավիճակը: Մինչ այդ մենք դժվարությունների առարկան էինք, ինչ-որ իմաստով՝ զոհը: Հենց սկսում ենք գրել դրանց մասին, դառնում ենք դիտորդը եւ վերլուծողը: Եթե հարց ենք տալիս, փնտրում պատասխան եւ գրում, արդեն զոհ չենք, այլ վկա, դիտորդ:
Հայտնի օրենք է՝ հենց հայտնվում է դիտորդը, իրավիճակը փոխվում է:
Մարդը միշտ ունի ազատություն՝ հայացքն ուղղելու ցանկացած ուղղությամբ: Վիկտոր Ֆրանկլը պնդում է՝ «Մարդուց ամեն ինչ կարելի է խլել, բացառությամբ մի բանի՝ մարդու ազատության վերջին մասնիկը` ցանկացած պայմաններում սեփական ներքին վերաբերմունքը, սեփական ուղին ընտրելու ազատությունը»:
Զրույցը՝ շրջադարձային կետ
Բոլորս կարող ենք վերհիշել պատմություններ, թե որքան թեթեւացած ենք զգացել մեզ, երբ դժվար օրերին գտնվել է սրտակից զրուցակից, որը սրտացավ լսել է մեզ եւ լսելով կիսել մեր ցավը:
Դա իրոք այդպես է: Դժվարությունների մեջ հայտնված մարդու համար սրտակից զրույցի օգտակարությունն անգնահատելի է: Այն ուժ է տալիս, մխիթարում է, հույս է ներշնչում, լուսավորում է իրավիճակը եւ օգնում տեսնելու այն այլ աչքերով: Կարդացե՛ք այդ մասին Գյոթեի «Կանաչ օձը եւ գեղեցկուհի շուշանը» հեքիաթում: «Ի՞նչն է լույսից առավել կենարար» թագավորի հարցին օձը պատասխանում է՝ «Զրույցը»։
Իրոք, առանց զրույցի ճանապարհ չունենք:
Մենք բոլորս փնտրում ենք մեզ լսող եւ ընկալող զրուցակցի: Իսկ դժվար իրավիճակում հայտնված մարդու համար «ճիշտ» զրուցակից գտնելը եւ նրա հետ զրուցելը կարող են լինել շրջադարձային կետ:
Եվս մեկ խորհուրդ
Եթե հայտնվել եք դժվար դրության մեջ եւ չեք կարողանում լուծումներ գտնել, միայնակ գնացե՛ք որեւէ մոռացված եկեղեցի։ Հանգիստ նստե՛ք կողքի քարին եւ ձեր մենության մեջ շշնջացե՛ք Աստծո ականջին՝ «Տո՛ւր ինձ իմաստություն՝ գտնեմ իմ ճանապարհը»։ Չկասկածե՛ք՝ պատասխանը հայտնվելու է՝ տեսնելու եք «աննշմար արահետը»:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։