Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական մակագրությունները 2020 թվականի պատերազմի ընթացքում ձեռք բերված տարածաշրջանի կրոնական հուշարձաններից: Այդ քայլը մեկնաբանվում է նրանով, որ եկեղեցիներն ի սկզբանե եղել են «Կովկասյան Ալբանիայի (Աղվանք)» ժառանգությունը, հնագույն թագավորություն, որը նախկինում գտնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում:
Այս կեղծ տեսությունը, որն ընդունելի չէ հեղինակավոր պատմաբանների կողմից, տևական ժամանակ պաշտոնական Բաքվի հովանավորությամբ քարոզել են ադրբեջանցի ազգայնական պատմաբանները:
Մշակույթի նախարար Անար Քարիմովը փետրվարի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հետքերը վերացնելու համար»։
«Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք զննելու այդ վայրերը և ուսումնասիրությունից հետո կդիտարկենք մեր հետագա քայլերը»,- ասել է Քարիմովը։ Թեև նա չի նշել, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբում, նախարարը հայտարարել է, որ խումբը բաղկացած է լինելու «ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներից»։
«Ալբանական տեսությունը» առաջին անգամ մշակվել է 1950-ականներին ադրբեջանցի հայտնի պատմաբան Զիյա Բունիյատովի կողմից, ով պնդում էր, որ ադրբեջանական տարածքում գտնվող եկեղեցիներում հայերեն արձանագրությունները եղել են հայերի կողմից հետագայում արված լրացումներ: Ըստ այդ տեսության՝ եկեղեցիները «հայացվել» են միայն տարածաշրջան հայկական լայնածավալ ներգաղթից հետո, երբ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը վերահսկողություն հաստատեց Ադրբեջանում։
Տեսության քարոզչությունը մեծ թափ է ստացել 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողությունը հաստատեց այն տարածքների վրա, որտեղ մի շարք նշանակալի միջնադարյան հայկական եկեղեցիներ կան:
2021 թվականի մարտին Հադրութ կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելեց 12-րդ դարի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը ավերակների էր վերածվել։
«Հայերը ցանկացել են հայկականացնել այս եկեղեցին, այստեղ հայերեն արձանագրություններ են գրել, սակայն չի հաջողվել։ Եթե սա հայկական եկեղեցի լիներ, կթողնեի՞ն նման վիճակում։ Կարծես աղբանոց լինի»։ Ալիեւը եկեղեցում ասել է. «Այս բոլոր մակագրությունները կեղծ են, դրանք ավելի ուշ են ավելացվել»:
2020 թվականի պատերազմի զինադադարի ստորագրման հաջորդ օրը Քարիմովը Թվիթերում գրառում է կատարել Ադրբեջանի Քելբաջարի շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանք եկեղեցու մասին՝ անվանելով այն ադրբեջանական Խուդավանգ անունով և այն բնութագրելով որպես «Կովկասյան Ալբանիայի հնագույն քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկը»։
2021 թվականի մայիսին Շուշի քաղաքի 19-րդ դարի եկեղեցին, որը վնասվել էր պատերազմի ժամանակ, վերակառուցվեց, ինչն, ըստ Բաքվի, իր «բնօրինակ» տեսքը ստացավ։
Ադրբեջանը խոստացել է նաև վերականգնել ադրբեջանական հուշարձաններն այն տարածքում, որտեղ դրանք անտեսվել կամ վանդալիզմի են ենթարկվել հայկական օկուպացիայի տարիներին։
Աշխատանքային խմբի ձեւավորումն առաջին կոնկրետ քայլն է, որով կառավարությունը բացահայտորեն խոստանում է ջնջել հայկական հետքերը իրենց վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներից։
Հայկական մշակութային վայրերին ուղղված շարունակական սպառնալիքները հարուցել են նաև միջազգային հանրության անհանգստությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով Հայաստանին և Ադրբեջանին, որ «ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքները վնասելը նշանակում է վնաս հասցնել մարդկության մշակութային ժառանգությանը»։ Սակայն Ղարաբաղ առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերը՝ ուսումնասիրելու մշակութային ժառանգության հուշարձանները, երկար ժամանակ ձգձգվում են:
Դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ-ԱՄԴ) վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով, և այլ պաշտամունքային վայրեր, հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմանատներ և արտեֆակտներ»։
Հայկական կողմից դեռևս չկա հստակ արձագանք ադրբեջանական հայտարարությանը։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Eurasianet-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այժմ որևէ մեկնաբանություն չունեն այս հարցի վերաբերյալ, սակայն բազմիցս ընդգծել են հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը։