ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է նաեւ, որ այժմ Եվրոպայի անվտանգության համար շատ վտանգավոր պահ է։
Նա նշել է, որ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի թվաքանակը շարունակում է աճել։
Ստոլտենբերգը հավելել է, որ թեեւ Հյուսիսատլանտյան դաշինքը Մոսկվայի համար սպառնալիք չէ, այդուհանդերձ, հարցի քաղաքական լուծման փնտրտուքին հավատարիմ մնալով հանդերձ, ՆԱՏՕ-ն պարտավոր է պատրաստ լինել վատթարագույն սցենարին։
ՆԱՏՕ-ն, ըստ Ստոլտենբերգի, քննարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու եւ դաշինքի հարավ-արեւելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը։ Այժմ մարտական խմբեր ունենք Բալթյան երկրներում եւ Լեհաստանում: Ուսումնասիրում ենք Ռումինիայում, Սեւ ծովի շրջանում նմանօրինակ խմբեր տեղակայելու հնարավորությունը։
Դաշինքի ղեկավարը նաեւ հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակն անհամեմատ ավելի լավ է հանդերձավորված եւ պատրաստված, ավելի լավ է կառավարվում, քան 2014-ին:
Ըստ Ստոլտենբերգի՝ Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս երկրները աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանության ուժերին, որպեսզի նրանք ի վիճակի լինեն պաշտպանվելու, դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է։
Երկխոսությունը շարունակելու հրավեր
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ստոլտենբերգը հայտնել է, որ նամակ է հղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ նամակում Ռուսաստանին հրավիրել է շարունակել երկխոսությունը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումների շարքի շրջանակում՝ դիվանագիտական լուծում գտնելու համար։
Ըստ Ստոլտենբերգի` ՆԱՏՕ-ն պատրաստ է լսելու Ռուսաստանի մտահոգությունները, ինչպես նաեւ քննարկելու եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների ամրապնդման ուղիները։