Ըստ The Jerusalem Post-ի՝ անցյալ տարի Իսրայելին բոյկոտած ամերիկյան Ben & jerry’s պաղպաղակ արտադրող ընկերությունը այժմ էլ քննադատում է Ուկրաինայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը:
«Դուք չեք կարող միաժամանակ կանխել պատերազմը եւ պատրաստվել պատերազմի: Նախագահ Բայդենին կոչ ենք անում թուլացնելու լարվածությունը եւ պայքարելու խաղաղության համար, այլ ոչ թե պատրաստվելու պատերազմի: Եվրոպա հազարներով զորք ուղարկելն, ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սպառնալիքների, միայն թեժացնում է պատերազմի բոցը»,- նշված է Ben & jerry’s-ի թվիթերյան գրառման մեջ:
Չհամաձայնեցված քաղաքական կուրսը փոխում է պաղպաղակի համը
«Մենք կարծում ենք, որ գրավյալ պաղեստինյան տարածքում Ben & jerry’s-ի պաղպաղակ վաճառելը հակասում է մեր արժեքներին»,- անցած հուլիսին ասել էր ընկերության ներկայացուցիչը:
Globes գործակալությունը նշել է, թե ճնշումն աճում է Ben & Jerry’s-ի սեփականատեր, բրիտանական բազմազգ սպառողական արտադրանք ունեցող Unilever-ի վրա, քանի որ նա իր իսրայելական ֆրենչայզին թույլ չէր տվել վաճառել արտադրանքը Հուդայում եւ Սամարիայում: Վեճը բռնկվելուց ի վեր, հուլիսից Unilever-ի բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 12%-ով:
Այժմ էլ ընկերությունը սկսել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններ անել: Օգտատերերից շատերը ծաղրել են պաղպաղակ արտադրողին՝ նրան անվանելով պոպուլիստ ծաղրածու, մյուսները զարմանում են՝ ինչու են արտաքին քաղաքականության մասին խորհուրդներ ստանում պաղպաղակից:
The Jerusalem Post-ի հեղինակ Սեթ Ջ. Ֆրանզմանը հարցադրումներ է արել. «Պարզ չէ՝ արդյո՞ք Ben & Jerry’s-ի որոշումը՝ թիրախավորելու Իսրայելին եւ այժմ էլ՝ Ուկրաինային, նպատակ ունի ապտակ հասցնելու ԱՄՆ-ի ժողովրդավար գործընկերներին ու դաշնակիցներին: Մնում է՝ տեսնենք, թե Ben & Jerry’s-ը թվիթերյան գրառումներ կանի՞ բռնապետությունների կողմից մարդու իրավունքների խախտումների ցանկացած դրսեւորման մասին, թե՞ հետեւելու է միայն Իսրայելի եւ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ֊ի քաղաքականությանը»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը