Ըստ ամերիկյան Axios գործակալության, իսրայելցի պաշտոնյայի հավաստմամբ, Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով:
Զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ ոչինչ տեղի չի ունենա, եթե ԱՄՆ-ը գործարքը չստորագրի: Ըստ Բենետի՝ գործարքի վերականգնման դեպքում Թեհրանը միլիարդավոր դոլարներ կվաստակի, ինչը կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»:
Ըստ զրույցի բովանդակությանը ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգների նախագահը Բենետին հայտնել է, որ առայժմ պարզ չէ՝ գործարքը կվերականգնվի՞ արդյոք: Բայդենն Իսրայելի վարչապետին հավաստիացրել է նաեւ, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ իր հիմնական պահանջներից։
Իրանի դեմ պատժամիջոցները մո՞տ են չեղարկմանը
Մինչդեռ ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել են, որ ԱՄՆ պատվիրակությունը նույնպես Վիեննայում է, բայց փետրվարի 8-ին մեկնարկած Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին չի մասնակցում։
Ըստ Civilnet-ի՝ Իրանի պատվիրակությունը ներկայացնող փոխարտգործնախարար Ալի Բաղերին հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ։ Այդ հանդիպումները ճակատագրական են համարում ինչպես Իրանում, այնպես էլ ԵՄ-ում։ Իրանի հիմնական պահանջը բոլոր պատժամիջոցների վերացումն է, ինչը Թեհրանում անգամ կարմիր գիծ են համարում։
Իրանական ԻՍՆԱ գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների վերացման գործընթացը սկսվել է եւ բանակցային սեղանին է դրված 20 էջանոց փաստատթուղթ։ Բանակցող կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել նախապատրաստվող տեքստի բովանդակությունում, իսկ հիմնարար սկզբունքների շուրջ բոլոր երկրները ընդհանուր հայտարարի են եկել:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գնահատմամբ բանակցությունները ավարտական փուլում են, եւ արդյունքի հասնելու հարավորություն կա։ Թեեւ Բորելը չի հստակեցրել՝ ինչ ժամանակահատվածում կողմերին կհաջողվի համաձայնության հասնել։ Սակայն Բորելն ընդգծել է, որ հիմնական նպատակը պատժամիջոցների վերացումն է ու վերադարձը Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախկին պայմանավորվածություններին:
Եթե գալիք շաբաթներին համաձայնություն ձեռք չբերվի, Վաշինգտոնի վերադարձը բանակցային սեղան էականորեն կդժվարանա
Իրանական կողմը վստահեցրել է, որ բանակցությունների հետագա ընթացքը կախված է Միացյալ Նահանգների դիրքորոշումից, քանի որ Վաշինգտոնը մեծ ազդեցություն ունի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի որոշումների վրա:
Վիեննայում իրանական աղբյուրները նշել են, որ Թեհրանը միջուկային գործարքի վերաբերյալ սպասում է Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշմանը:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համոզված է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ շարունակում է ճնշման քաղաքականությունը, եւ քանի դեռ ամերիկյան կողմը չի հրաժարվել այդ պատրանքներից, որեւէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել:
Փետրվարի 7-ին Վաշինգտոնը հնարավոր է համարել միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնությունը:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հստակեցրել է, որ չնայած կողմերի անհամաձայնություններին` դրան պետք է հասնել շատ արագ, քանի որ Թեհրանը հընթացս ավելացնում է իր միջուկային ներուժը: Ըստ Փրայսի՝ եթե գալիք շաբաթներին համաձայնություն ձեռք չբերվի, ապա ԱՄՆ-ը վերադարձը բանակցային սեղան էականորեն կդժվարանա: