Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հրապարակել է 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ երկրում գործազրկության տվյալները, հայտնում է «Sözcü» օրաթերթը։ Տվյալների համաձայն՝ Թուրքիայում 15 տարեկան եւ բարձր քաղաքացիների շրջանում գործազրկության թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 2000-ով՝ ընդհանուր թիվը հասցնելով 3․7 միլիոնի (11.2%)։
Աճ է գրանցվել նաեւ աշխատանքի ընդունվածների ընդհանուր թվում։ Նախորդ տարվա դեկտեմբերին աշխատանքի է ընդունվել 236 հազար մարդ, իսկ աշխատողների ընդհանուր թիվն արդյունքում եղել է 30.1 միլիոն (52.9%)։
15-24 տարիքային խմբում գործազրկության ցուցանիշը նվազել է 1.6 միավորով՝ կազմելով 20.8%, իսկ աշխատանքի ընդունվածների ցուցանիշը բարձրացել է 0.6 միավորով՝ կազմելով 34.1%, հայտնում է պարբերականը։
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ գյուղատնտեսության ոլորտում աշխատողների քանակը նվազել է 10.000-ով, աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում։
Իսկ չգրանցված աշխատողների թիվը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ մեկ տարվա ընթացքում նվազել է 0.1 միավորով ու կազմել 27.8%, նշվում է վիճակագրության ինստիտուտի հրապարակած տվյալներում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը