ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս Խորհրդային Միության տարիներից սահման գոյություն ունի:
ԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրն իրենց խորհրդարաններում եւ դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առնչվող հարցեր: