Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ փետրվարի 11-ին՝ 05:50-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթ է արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի`ադրբեջանական կողմն ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետեւանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաեւ Կարմիր Շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները եւ կինը»,– գրել է Ստեփանյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ կատարվածը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսեւորումն էր:
Արցախի ՄԻՊ-ը կրկին փաստում է, որ ադրբեջանցի զինծառայողների հայատյաց ու ահաբեկչական գործողություններն ուղիղ եւ անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների, մասնավորապես կյանքի իրավունքի համար:
Պաշտպանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները: