«Քառյակ մեդիան», որի կազմի մեջ մտնում են ArmNews հեռուստաընկերությունը, Tert.am-ը եւ ArmNews FM ռադիոկայանը, դադարեցնում է գործունեությունը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2019-ի փետրվարի 1-ին:
«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրների տարածած հայտարարության մեջ նշված է, որ ստացել են գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են իրենց սկզբունքներից։ Քննարկվել են նաեւ վաճառքի առաջարկներ, բայց դրանք իրենց որդեգրած քաղաքականությանը համապատասխան չեն եղել:
Հայտարարության մեջ ասված է նաեւ, թե վերջին 3,5 տարում թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով եւ զգուշացնելով առկա եւ սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրները, եւ ներկայացվել փաստերը քաղաքական, հասարակական եւ պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից:
«Հայաստանում իրականությունը եւ սկզբունքներն այլեւս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երեւույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի եւ էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման եւ լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետեւ այլեւս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:
Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն»,- պնդում են համահիմնադիրները։
Նրանք ընդգծել են, որ չեն հեռանում, սակայն առկա եւ առաջարկվող օրակարգերը իրենցը չեն, տվյալ ձեւաչափով ու գործիքակազմով աշխատելն ընդունելի չէ իրենց համար։