Վերջին օրերին Ռուսաստանը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի արեւելքում ու հյուսիսում, որոնց տեղակայումների վերաբերյալ ամերիկյան արբանյակները փետրվարի 9-ին ու 10-ին բավականին ուշագրավ կադրեր են արել, հայտնում է «Milliyet» պարբերականը։
Ռուսաստանի նախագահ Պուտինը Եվրոպայում իր միակ դաշնակից Բելառուսի հետ փետրվարի 9-ին Ուկրաինայի սահմանամերձ շրջանում մեծ զորավարժություն է սկսել։ Բացի այդ՝ Միջերկրական ծովում գտնվող Ռուսաստանի զինված ուժերին պատկանող ռազմական նավերը տեղափոխել է Սեւ ծով՝ այսպիսով Ուկրաինան շրջափակելով նաեւ հարավից։
Կիեւի իշխանությունները հայտնում են, որ փետրվարի 13-ին՝ ռուսական զորավարժության սկսվելուց հետո, Սեւ ծովը Ազովի ծովին կապող Կերչի նեղուցը փակվելու է։
Ամերիկյան Maxar տեխնոլոգիաների հրապարակած արբանյակային լուսանկարներում հստակ երեւում են ռուսական ուժերի տեղակայման կետերը Ռուսաստանում, Բելառուսում ու 2014 թվականին Պուտինի կողմից գրավված Ղրիմում, հայտնում է օրաթերթը։
Լուսանկարներից մեկում երեւում է Բելառուս-Ուկրաինա սահմանին գտնվող Գոմել քաղաքում տեղակայված Զյաբրովկա ավիաբազան։ Ուկրաինայի սահմանից Զյաբրովկայի հեռավորությունը 25 կմ-ից էլ քիչ է։
Ավիաբազայում աչքի ընկնող մեկ այլ բան եւս նկատվել է՝ ռուսական բանակի կողմից կառուցված ահռելի դաշտային հիվանդանոցը։ Այն, որ սահմանի մոտ կառուցվել է դաշտային հիվանդանոց, ու մեծ թվով առողջապահության ոլորտի աշխատակիցներ են տեղափոխվել, վկայում է մի բան՝ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, սկսվելու են, գրում է «Milliyet»-ը։
Լուսանկարը մեծացնելիս պարզ երեւում է, որ դաշտային հիվանդանոցը նույնն է, ինչ որ ռուսական բանակը կառուցել էր Լեռնային Ղարաբաղում։ Նույն Գոմելի մարզում գտնվող Ռեչիցա քաղաքում տեղակայված են հարյուրավոր ռազմական մեքենաներ ու զինվորների բնակության համար նախատեսված վրաններ։
Ղրիմի թերակղզում աչքի է ընկնում Օկտյաբրսկոյե ավիաբազան՝ իր վրանային ճամբարով, իսկ Դոնեցկի Սլավնե բնակավայրում կողք կողքի զրահամեքենաներ են շարված։ Արբանյակի նկարահանման պահին Ղրիմի Նովոոզյորնոյե բնակավայրում հրետանային ստորաբաժանումները սկսել են զորավարժությունները։ Նման կադրեր են արվել նաեւ Ուկրաինայի սահմանին բավականին մոտ գտնվող Կուրսկում։ Ենթադրվում է, որ ձյունածածկ կրակադաշտում հազարավոր զինվորներ են պատսպարված, հաղորդում է պարբերականը։
Այս գործողություններին ի պատասխան Ուկրաինան սկսել է տանկերով զորավարժություններ։ Բացի այդ՝ Ուկրաինան փորձարկում է թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչուները, ԱՄՆ-ի ուղարկած Javelin հրթիռները ու Մեծ Բրիտանիայի ուղարկած NLAW հակատանկային հրթիռները։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը