ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ «Նորմանդական ձեւաչափի» ղեկավարների խորհրդականների 9-ժամյա բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Նա հայտնել է, որ մինսկյան պայմանավորվածությունների մեկնաբանման վերաբերյալ տարաձայնությունները չի հաջողվել հաղթահարել։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ պաշտոնյան նշել է, որ հրաժարվելով Դոնբասի հակամարտության հետագա հետկոնֆլիկտային կարգավորման շուրջ տարաձայնությունները հաղթահարելուց՝ Ուկրաինան անդրդվելի դիրքորոշում է որդեգրել։ Նա հավելել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպես պետք է հաղթահարել խնդիրները քաղաքական ոլորտում։
«Նշված տարածքների հետագա հետկոնֆլիկտային կարգավիճակի հարցերը պետք է լուծվեն Դոնբասի առանձին շրջանների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների եւ քննարկումների միջոցով։ Սա է առանցքային տարաձայնությունը, որի հարցով Ուկրաինան հրաժարվում է համաձայնության գալուց»,- շեշտել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Միասնական դիրքորոշում չկա
Ըստ Դմիտրի Կոզակի՝ Ուկրաինայի դիրքորոշումը խանգարել է բանակցություններից հետո փաստաթղթի ստորագրմանը։ Նա հայտնել է, որ Կիեւը կոնտակտային խմբի հաջորդ հանդիպմանը եւս չի համաձայնել քննարկել Դոնբասի կարգավիճակը: Իսկ դա, ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի, հաստատում է Դոնբասի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ուկրաինայի պատրաստակամությունը։
Կոզակի համոզմամբ՝ Մինսկի բանակցային գործընթացում արդեն ութ տարի առաջընթաց չկա, քանի որ բոլոր մասնակիցների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի միասնական դիրքորոշում չկա։