Թուրքական «Yeni akıt» պարբերականի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի մերձակայքում գտնվող Գոբու բնակավայրում էլեկտրակայանի բացման արարողությունից հետո հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական լրատվական գործակալությանը։
Նշելով, որ Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի պահանջարկն արտերկրում մեծապես աճել է, Ալիեւը հայտնել է, որ 2021 թվականի ընթացքում Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան ու Իրան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 1.6 միլիարդ կիլովատտ-ժամ։
Ըստ պարբերականի՝ Ալիեւը փաստել է, որ Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը ու նախատեսում է արտահանման ծավալներն ավելի ընդլայնելու նպատակով նոր շուկաներ մուտք գործել։
Ալիեւը նշել է, որ չորս հարեւան երկրների հետ էներգետիկ կապեր ունեցող Ադրբեջանն այժմ աշխատում է նոր նախագծի վրա․ «Այժմ ծրագրում ենք Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանից դեպի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա ու Իրան նոր ուղիներ կառուցել։ Ես նախկինում եւս ասել եմ, որ Զանգեզուրի միջանցքը միայն երկաթուղային, օդային ու ցամաքային բեռնափոխադրումների համար չէ։ Զանգեզուրի միջանցքը կարեւոր դեր է ունենալու նաեւ էներգիայի արտահանման հարցում։ Մենք նոր գիծ ենք կառուցելու, որով էլեկտրաէներգիա կմատակարարենք Ադրբեջանի անբաժան մասը հանդիսացող Նախիջեւանի ինքնավար հանրապետությանը, այնտեղից էլ կարտահանենք դրսի շուկա՝ Թուրքիա ու Եվրոպա։ Մի գիծն անցնում է Վրաստանով ու Թուրքիայով, մյուս գիծն էլ Զանգեզուրով պիտի անցնի։ Մենք հիմա աշխատում ենք այս ուղղությամբ։ Աճող արտահանումը ոչ միայն մեր աշխարհաքաղաքական դերը կմեծացնի, այլ նաեւ հավելյալ արտարժույթ կբերի երկիր։ Բացի նավթից ու բնական գազից՝ մենք գումար կաշխատենք նաեւ էլեկտրաէներգիայի արտահանումից, ու մեր պետությունն ավելի բարեկեցիկ վիճակում կլինի»,- ասել է Ալիեւը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը