2021-ին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 7,5 տոկոսով: Ըստ վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Միացյալ Թագավորության տնտեսության աճի տեմպերը հաշվետու ժամանակամիջոցում եղել են ամենաբարձրը Յոթի խմբի (G7) երկրների (Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) թվում:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ՀՆԱ-ի ցուցանիշները հաստատում են. Մեծ Բրիտանիան եղել է 2021-ին ամենաարագ զարգացող տնտեսությունը G7-ում: Ջոնսոնը հավելել է, որ երկրի տնտեսությունը լայն թափով վերականգնվել է բրիտանացիների արտակարգ վճռականության եւ համատարած պատվաստման ծրագրի շնորհիվ:
Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության փետրվարի 11-ին հարապարակված զեկույցի համաձայն՝ անցյալ տարի երկրի տնտեսությունն ամբողջությամբ վերցված ցուցաբերել է ամենազգալի աճը 1948-ին հաշվետվություն վարելու սկզբից ի վեր:
Չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է սոսկ 1 տոկոսով, իսկ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման պատճառով եւ մի շարք հակաքովիդային սահմանափակումների ընդունումից հետո կրճատվել է 0,2 տոկոսով:
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ռեկորդային 9,4 տոկոսով նվազում էր արձանագրվել 2020-ին՝ համավարակի հետեւանքով: Լրատվամիջոցների գնահատմամբ՝ դա 1921-ից ի վեր դարձել է ՀՆԱ-ի անկման ամենացածր ցուցանիշը: