ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է դառնա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, այլ ոչ թե գործիքի դեր խաղա։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 15 տարի առաջ մյունխենյան ելույթում արված բոլոր՝ նաեւ ԵԱՀԿ-ի վերաբերյալ առաջարկները տեղին են։
Ուղիղ կապ՝ վճռական բախումից առա՞ջ, թե՞ բախումը կանխելու վճռական փորձեր
Ուկրաինայի շուրջը լարվածության թուլացման նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին պաշտպանված կապով հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այդ ընթացքում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի են ունեցել նաեւ հեռախոսազրույցներ ՌԴ արտագործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաեւ ՌԴ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Լլոյդ Օսթինի միջեւ:
Նախագահների տեւական զրույցներ
Մոտ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցում Բայդենը Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինայի շուրջը ցանկացած սցենարի եւ ձգտում է Ռուսաստանի հետ դիվանագիտության հաստատմանը։ Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում մնացած ԱՄՆ քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին ասել է, որ եթե Ռուսաստանը շարունակի լարվածության սրումը, ԱՄՆ-ը կավելացնի Ուկրաինային տրվող օգնությունը։ ԱՄՆ-ը դեռ չի հասկանում՝ Ռուսաստանը դիվանագիտությո՞ւն կընտրի, թե՞ ռազմական ուժ։ Ուկրաինայի շուրջը ճգնաժամի դինամիկայի հիմնարար փոփոխություն ԱՄՆ-ն առայժմ չի տեսնում։ Սպիտակ տունը Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը գնահատել է իբրեւ «կարծիքների ուղղակի փոխանակում»։
Ըստ France-Presse գործակալության՝ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի 1 ժամ 40 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը ձգտել է թուլացնելու ռուս-ուկրաինական ճգնաժամի աճող լարվածությունը։
Դիվանագիտական դեմարշի սահմանին
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պնդումները, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա, սադրիչ նպատակներ են հետապնդում եւ խրախուսում Կիեւի իշխանություններին՝ վիժեցնելու Մինսկի համաձայնությունները եւ դիմելու «Դոնբասի խնդիրն» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերի։
Լավրովը նշել է, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքը ՌԴ առաջարկների առնչությամբ անտեսում է Մոսկվայի համար առանցքային դրույթները, առաջին հերթին՝ դաշինքը չընդլայնելու եւ Ռուսաստանի սահմանների մոտակայքում հարվածային սպառազինությունների համակարգերը չտեղակայելու վերաբերյալ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի՝ Բլինքենը Լավրովին հասկացրել է, որ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին բաց է մնում, սակայն Մոսկվան պետք է թուլացնի լարվածությունը. «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա կհանգեցնի վճռական, մասշտաբային եւ միասնական անդրատլանտյան պատասխանի»։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:
Ուժայինների խաղաղ շփումներ
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ Շոյգու-Օսթին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ղրիմում եւ Ուկրաինայի շուրջը ռուսական զինված ուժերի տեղակայման հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր։