ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրեթե մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները ու ՌԴ-ի կողմից ենթադրյալ ագրեսիան:
«Նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության վերաբերյալ։ Ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակել դիվանագիտական ջանքերը եւ զսպման քաղաքականությունն՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական ուժերի ավելացման», — ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վստահ չեն՝ Ռուսաստանը կներխուժի՞ Ուկրաինա, թե՞ ոչ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի կարողանում ճշգրիտ կանխատեսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ամսաթիվը եւ ընդունում է, որ դա ընդհանրապես կարող է տեղի չունենալ։ Նա հավելել է, որ անհնար է ճշգրիտ օրը կանխատեսել, սակայն ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը ցանկացած օր կարող է ներխուժում, խոշոր ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում:
«Սա ներառում է հաջորդ շաբաթը՝ մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ օլիմպիական խաղերից հետո, կամ դեռ հնարավոր է, գուցե Ռուսաստանը ընտրի դիվանագիտության ճանապարհը»,- շեշտել է Սալիվանը։
Հռոմի պապը աղոթել Ուկրաինայում խաղաղության համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին առաջարկել է լուռ աղոթել Ուկրաինայի խաղաղության համար։
«Ուկրաինայից եկող լուրերը շատ անհանգստացնող են: Հուսով եմ, որ դրա համար պատասխանատու քաղաքական գործիչները ցանկացած ջանք կգործադրեն հանուն խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը կիրակնօրյա ավանդական ուղերձի ժամանակ: