Փետրվարի 13-ին՝ 22։25-ի մոտակայքում, Երեւանում գրանցվել է բավական ուժեղ երկրաշարժ։ Քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում, ուժեղ ու տեւական ցնցումներ են զգացվել։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին), սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41,19⁰ եւ արեւելյան երկայնության 43,97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5,2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան:
Ուշագրավ է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021-ի փետրվարի 13-ին՝ Երեւանի ժամանակով 15։29-ին, երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք: Ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ: Նախորդ տարվա էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 6-7 բալ: Հենց առաջին օրը գրանցվել էր շուրջ 46 հետցնցում։
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարել է, որ այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»,- նշված է հայտարարությունում։