Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ ամասիացիների քվեարկության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։
«Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են «Արփի-Ամասիա»-ն ղեկավարող, նախկին համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարելու համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքն անհայտ պատճառով մտափոխվել ու որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ ՔՊ-ին ընդունելի չէր նախապայմանը՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։
ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն։
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովից, սակայն, տեղեկացրին, որ նոր ընտրություններ չեն լինի, ըստ օրենքի՝ համայնքը կարող է ղեկավարվել նաեւ 9 մանդատով։
Լուրն առնելուն պես ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներն ու նրանց կողմնակիցները բողոքի ցույցով շտապել էին Գյումրի, Շիրակի մարզպետարանի դիմաց ցույց էին անում՝ պահանջելով նոր ընտրություններ։
Նոր ընտրություններ չնշանակվեցին, փոխարենը տեղի ունեցավ Ամասիայի նորընտիր ավագանու 1-ին նիստն առանց ՔՊ-ականների։ Համայնքի ղեկավար ընտրվեց Ջեմմա Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Մերգել Ղարիբյանն ու նրա կողմնակիցները չհանձնվեցին, ժամանակ առ ժամանակ բողոքի ձայն էին բարձրացնում, ցույցեր անում։ Ղարիբյանի հերթական բողոքն այժմ վերաքննիչ դատարանում է, պատասխանին են սպասում։
Մինչ դատարանի որոշման հրապարակումը գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը համաձայնության էր եկել Մերգել Ղարիբյանի հետ, որ վերջինս հանձնի Ամասիա խոշորացված համայնքի կազմի մեջ մտած Արփի բնակավայրին պատկանող գույքն ու փաստաթղթերը։ ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները, սակայն, հավաքվել էին համայնքապետարանի մոտ՝ հանձնում-ընդունում թույլ չտալու նպատակով։ «Մենք ոստիկանություն դիմեցինք գործընթացն իրականացնողների անվտանգությունն ապահովելու համար։ Մերգելը, սակայն, չհանձնեց փաստաթղթերը,- ասում է տիկին Հարությունյանն ու փաստում, որ ստեղծված խառնաշփոթը խանգարում է համայնքի բնականոն աշխատանքներին։ Նորընտիր համայնքապետը եւս մեկ խնդիր է բարձրաձայնում,- Մերգել Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել են Արփի համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները։ Այժմ հաստիքացուցակն ուղարկել ենք նախարարություն։ Կհաստատվի, կնշանակվեն վարչական նոր ղեկավարներ, կսկսենք աշխատանքը»։
Մերգել Ղարիբյանը բնականոն աշխատանքի անցնելու վարկածը բացառում է։ Ասում է՝ վերաքննիչ դատարանի պատասխանին են սպասում, ինչ էլ լինի, չեն հանձնվելու։ «Բնակիչները պահանջում են, որ համայնքը չհանձնեմ, ասում են՝ այս տարածաշրջանում 90 տոկոս ձայն են տվել։ Հույս ունենք, որ արդարությունը կհաղթի։ Օրենքով ավագանու 2/3-ով իշխանություն չի ձեւավորվում։ Մեր ինքնաբացարկի արդյունքում պետք է նոր ընտրություններ լինեին»,- համառորեն պնդում է ՔՊ-ական թեկնածուն։
ՔՊ-ականներից ոչ պակաս համառությամբ իր նախկին համոզմունքն է վերահաստատում թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը. «Ըստ օրենքի՝ 9 մանդատով հնարավոր է լիարժեք իրականացնել Ամասիայի կառավարումը, նոր ընտրություններ չեն լինի»։
ՔՊ-ական թեկնածուի համակիրներից Սամվել Հովհաննիսյանը վստահ է՝ Ամասիայի բնակչության 90 տոկոսին լռեցնել չի լինի։ Ասում է՝ չեն հանձնվելու։ «Մենք կանգնած ենք մեր թեկնածուի կողքը։ Մենք ձայներով առավել ենք, պահանջում ենք, որ մեր գյուղապետը մնա եւ շարունակի պաշտոնավարել։ Որպես ի՞նչ պետք է մեր համայնքի ղեկը տանք ուրիշին»,- հարցնում է Սամվելը։
Ի տարբերություն Սամվելի՝ Աղցխեցյան Տարոնը հույսը կտրել է, որ իրավիճակ կփոխվի։ Ասում է՝ պայքարում էին նոր ընտրությունների համար. «Մենք համայնքի ղեկավար տեսնում էինք միայն Մերգելին։ Բայց այս պետության մեջ էլ ոչ մի լավ բանի չենք կարող սպասել, հույսներս կորցրել ենք»,- մտահոգվում է Տարոնը։
Ինչ որոշում կկայացնի վերաքննիչ դատարանը, դեռ պարզ չէ։ Կգա՞ն մեկ հայտարարի նախկին ու ներկա թիմերը, կդադարե՞ն բողոքի ցույցերը, թե՞ անվերջ հարաբերություններ կպարզեն, խնդրի վերջը չի երեւում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։