ՀՀ առողջապահության նախարարության եւ ամերիկյան «Ֆայզեր» դեղագործական ընկերության միջեւ կնքված պայմանագրով` ՔՈՎԻԴ-19-ի դեմ mRNA հիմքով Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում եւ պատվաստումային շարժական կետերում:
Կատարվել է 876 հազար 951 ամբողջական պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 959 հազար 789 պատվաստում: Ամբողջական պատվաստումների թիվը (երկու դեղաչափ) հասել է 876 հազար 951-ի:
Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացել է 15539 մարդ:
Պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ է ստացել կանանց 46,6 տոկոսը, տղամարդկանց՝ 53,4 տոկոսը:
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում
Ըստ ՀՀ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում փետրվարի 14-ի 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 հազար 74 դեպք, որից 375 հազար 612-ը`առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 702 բուժառու: Կորոնավիրուսը խլել է 8186 մարդու կյանք։
Մեկ օրում կատարվել է 4245 թեստավորում։ Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 828 հազար 454-ի: