ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են փետրվարի 13-ի երկրաշարժից հետո ստացված ահազանգերի մասին։
Մասնավորապես, Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հեռացրել քարերը։ Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 վթարային շենքի պատից թափվել է 8 քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի, առաջացել են ճաքեր, կամ լայնացել են եղած ճեղքերը։
Ստեփանավանի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 քմ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:
Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ եւ 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 քմ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Արձանագրված է 165 հետցնցում
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը փետրվարի 14-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է, որ մասնագիտական խմբերը մեկնել են մարզեր եւ երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրության նպատակով մակրոսեյսմիկ հետազոտություններ են անում:
Ըստ Մարգարյանի՝ այս պահի դրությամբ արձանագրված է 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է: Մասնագետը հավելել է, որ հետցնցումային ակտիվությունը բնորոշ է փետրվարի 13-ի երկրաշարժերին։