Տնտեսական ծայրահեղությունների շաբաթ Թուրքիայում։ Մի կողմից նախագահ Էրդողանը հայտարարում է պետության նոր պայմանագրերի, խոշոր տիեզերական ծրագրերի մասին, մյուս կողմից՝ բնակիչների դժգոհության մեծ ալիք է բարձրանում երկրում սղաճի հետևանքով էլեկտրաէներգիայի գնի թանկացման պատճառով։
Ընդդիմադիր թերթերում լրագրողները նշում են, որ, ինչպես միշտ, նոր փոփոխություններից տուժում են միջին ու ցածր խավի ներկայացուցիչները, որովհետեւ խոշոր հաշվով բարձր աշխատավարձ ստացող քաղաքացու համար էական տարբերություն չկա մի քանի հարյուր լիրա ավել վճարելու մեջ։ Իսկ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացին շուտով ստիպված կլինի չօգտագործել էլեկտրաէներգիա՝ ընտանիքի մյուս կարիքները հոգալու համար։
Բոլոր հնարավոր աղբյուրներն ու հարթակներն ուղղվել էին այս հարցի բարձրաձայնմանը։ Կառավարության արձագանքը չուշացավ։ Էներգիայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նախորդ շաբաթ հանդիպում ունեցավ էլեկտրաէներգիա մատակարարող 21 ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Թուրքիայի բնակիչների բեռը թեթեւացնելու հնարավոր ուղիները։ Որոշ վերլուծաբաններ ակնկալում են էլեկտրաէներգիայի գնի իջեցում կամ գոնե ինչ-որ զեղչեր։
Էլեկտրաէներգիան իսկական խնդիր է դարձել Թուրքիայի համար նաեւ եղանակային խնդիրներով պայմանավորված։ Նախորդ շաբաթ առատ ձյան հետեւանքով մի շարք բնակավայրեր ուղղակի զրկվել էին էլեկտրականությունից։ Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ըսփարթա քաղաքը, օրինակ, երեք օր լույս չուներ։ Սա նույնպես բախման առիթ էր իշխանությունների ու ընդդիմադիր ուժերի միջեւ։ Իշխանամետ քաղաքապետը ոչ մի քայլ չէր ձեռնարկել հարցի լուծման համար։ Մայրաքաղաքից ոչ մի պաշտոնյա չէր մեկնել այնտեղ՝ հարցը տեղում կարգավորելու նպատակով։ Սա, իհարկե, ընդդիմադիր ուժերի ուշադրությունը չէր կարող չգրավել, եւ գուցե հենց նրանց կատարած այցերի արդյունքում էլ քաղաքային իշխանությունները որոշեցին ի վերջո լուծում գտնել ձմռան ցրտին հոսանքազուրկ քաղաքի էլեկտրականության հարցը կարգավորելու համար։
Իսկ հիմա՝ Թուրքիայի տնտեսության մյուս կողմը։ Նախագահ Էրդողանի հրահանգով Թուրքիան թեւակոխում է տիեզերական տեխնոլոգիաների աշխարհ՝ ձգտելով դառնալու ինքնաբավ պետություն՝ իր առանձին արբանյակներով, տիեզերք արբանյակ բաց թողնելու կայաններով, հակաօդային պաշտպանության համակարգերով ու հիբրիդային հրթիռներով։
Փետրվարի վերջին կայանալու է աշխարհում ամենամեծ կամուրջներից մեկի՝ Չանաքքալեի կամրջի բացումը Դարդանելի նեղուցի վրա։ Թուրքիան շարունակում է իր ռազմավարական դաշնակից Ուկրաինայի հետ տնտեսական համագործակցության պայմանագրեր կնքել, իսկ մյուս կողմից գործազուրկների թիվն է երկրում աճում։
Մարդու իրավունքների պաշտպանվածության հարցում, սակայն, Թուրքիայում տեղաշարժեր չկան։ Չնայած ՄԻԵԴ-ի որոշումներին, ԵՄ նախարարների խորհրդի ընդունած նոր բանաձեւին՝ Թուրքիայում հանրային ոլորտի զարգացման հարցում մեծ ներդրում ունեցած իրավապաշտպան Օսման Կավալան շարունակում է մնալ ազատազրկված։ Նա մեղադրվում է 2013 թվականի Գեզի այգում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման համար այն դեպքում, երբ պետությունն անգամ հստակ ապացույցներ դրա վերաբերյալ չունի։ Ամեն դեպքում, Էրդողանը բացեիբաց հայտարարում է, որ ՄԻԵԴ-ի որոշումներն իրենց համար ընդունելի չեն։
Կավալան միակը չէ։ Թուրքիայում հայտնի լրագրող Սեդեֆ Քաբաշը հունվարին ձերբակալվեց TELE1 հեռուստաալիքում ուղիղ եթեր հեռարձակվող «Ժողովրդավարության արենա» հաղորդման ընթացքում նախագահ Էրդողանին վիրավորանք հասցնելու պատճառով։ Նա ասել էր․ «Եզը, պալատ մտնելով, թագավոր չի դառնա, պալատը ախոռ կդառնա»։ Ինչքան էլ որ Քաբաշն իր վկայության մեջ նշի, որ դա ասացվածք է, ու վիրավորելու նպատակ չի ունեցել, արդեն ուշ է։ Կալանքի որոշումը կայացվել է, իսկ բեկանման փորձերը դեռեւս ապարդյուն են։