ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հետ։
Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ Արման Թաթոյանը ներկայացրել է երեխաներին, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, կարծրատիպերի դեմ պայքարին, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների մասնագիտական աշխատանքին առնչվող եւ այլ ծրագրեր։
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը:
Պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական զինծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների (կյանքի, ջրի ու սեփականության եւ այլ) իրավունքները՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի մարդկանց բնականոն կյանքը երաշխավորելու համար նրանք պետք է հեռանան։ ՄԻՊ-ը խոսել է անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր առաքելության համար: