Թուրքմենստանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Քարոզարշավն, ըստ Թուրքմենստանի ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի, ներառում է մի քանի փուլ՝ թեկնածուների առաջադրում, գրանցում, հանդիպումներ ընտրողների հետ։
Անցյալ ուրբաթ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարել էր, որ ժամանակն է ճանապարհ տալ «արդիականության բարձր պահանջներին համապատասխանող» երիտասարդներին։ Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ երկու տարի առաջ հասել է Մուհամմմեդ մարգարեի տարիքին՝ 63 տարեկան, եւ այժմ դժվար որոշում է ընդունել։
2017-ի փետրվարի 12-ին Թուրքմենստանում անցկացված ընտրություններին մասնակցած ութ թեկնածուներից յուրաքանչյուրը ստացել էր ձայների 1%-ից քիչ կամ մի փոքր ավելի։ Բերդիմուհամեդովի օգտին էր քվեարկել ընտրողների 97,28%-ը։
Ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուները դեռ հայտնի չեն։
Հերթական նախագահական ընտրությունները Թուրքմենստանում նախատեսված էին 2024-ին։