Երեկ երեկոյան ուժեղ երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը հաղորդել է, որ մարզում փլուզման ահազանգեր չեն եղել։ Գյումրու թաղամասերից երկուսը եւ Մարմաշեն ու Հայկավան բնակավայրերը հոսանքազրկվել են ցնցումների պահին։ 23։50-ին հոսանքը վերականգնվել է։
Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես Անտառավանի 26 շենքում։
Վաղ առավոտյան այցելեցինք Գյումրու Անտառավանի 26 վթարային շենքի բնակիչներին։ Շենքի առանց այն էլ անմխիթար վիճակն ավելի վատթար էր դարձել։ Պատշգամբներից եւ պատերից թափված քարերի եւ ծեփոնների բլուրներ էին առաջացել տարածքում։
Գիշերը ԱԻՆ-ի աշխատակիցները եկել, ամենավտանգավոր հատվածն առանձնացրել էին կարմիր ժապավենով։ Թակեցինք գրեթե բոլոր դռները, բնակիչները տեղում չէին, հավանաբար գիշերն էին լքել իրենց տները։
Ովքեր էլ մնացել էին, իրար հերթ չտալով մեզ պատմեցին, թե ինչ խուճապահար վիճակ էր ցնցումների պահին։
Գրիգորյանների երիտասարդ հարսը՝ Լիդան, փոքրիկ երեխայի հետ տանն է եղել։ Ասում է՝ այդ պահին միայն երեխային փրկելու մասին էր մտածում։ «Քարերը որ թափվեցին, էլ հույս չունեի, որ կփրկվեինք։ Հետո երեխայիս գրկեցի ու դուրս փախա։ Գիշերով գնացի հորաքրոջս տուն»,- ասում է Լիդան եւ հավելում, որ հաստատ որոշել է՝ էլ այս տուն չի վերադառնալու։ Կապրի հորաքրոջ հետ այնքան, մինչեւ հարցը կլուծվի։ Մեր այցի պահին Լիդան եկել էր երեխայի շորերը տանելու։
Հարեւանությամբ ապրող Ղազարյան Սաթենիկը, սակայն, գնալու տեղ չունի։ Ստիպված շարունակելու են գոյատեւել խարխուլ բնակարանում։ Ասում է՝ ուր գնա երեք անչափահաս՝ 8, 6 եւ 2-ամյա աղջիկների եւ հիվանդ ամուսնու հետ։ Սաթենիկը հարս է եկել այստեղ, ասում է՝ հերթացուցակում են, ամեն տարի սպասում են, որ տան հարցը կլուծվի։
«Մեկ տարի առաջ ասացին՝ հարցը լուծվել է, բնակարանի գնման վկայագիր ենք ստանալու։ Ուրախացանք, բայց իզուր։ Պարզվեց՝ խնդիրներ կան, շենքում կան մարդիկ, որոնց չեն գտնում,- պատմում է Սաթենիկն ու հայտնում, որ քաղաքապետարանից է գալիս։ Երիտասարդ կինը խիստ վիրավորված էր քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերմունքից:- Ասացին՝ գնացե՛ք, վարձով ապրե՛ք, մի երկու թիթեղն ինչ է, չեք գնում ձեզ համար։ Մենք լավ օրից չէինք գնացել։ Եթե հնարավորություն ունենայինք, իրենց չէինք էլ դիմի։ Մեկս պետք է մեռնենք, որ հագած-կապած գան, օղորմի ասեն, գնան»,- ասաց Սաթենիկը։ Ըստ երիտասարդ կնոջ՝ քաղաքապետարանից նաեւ հորդորել են իրեց ուժերով գտնել այն մարդկանց, որոնց պատճառով շենքի հարցը չի լուծվում։
Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ բնակիչների եւ փոխքաղաքապետի հետ հանդիպում են կազմակերպել։ Վթարայինի բնակիչները ցանկություն են հայտնել, որ իրենց ժամանակավոր կացարան տրամադրվի։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը երկու ժամից Գյումրիում կլինի։ Կքննարկեն ու ամենաուշը մինչեւ վաղը բնակիչներին պատասխան կտան։
Սեյսմիկ պաշտպանության մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ասում է՝ Անտառավանի 26-ը 1972 թվականի շենք է, հինգհարկանի, չորս մուտքով, այժմ երրորդ կարգի վթարայնություն ունի, սակայն կառավարական հանձնաժողովը եթե նոր եզրակացություն անի, չորրորդ կարգ կտա։
Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալների՝ Անտառավանի 26 շենքի ճակատագիրն այժմ անհայտ է։ Հարցի լուծման միակ եղանակը բնակարանի գնման վկայագրի ծրագիրն է, որի համար դեռեւս համապատասխան որոշում չկա։
Շենքի ապամոնտաժման համար բնակիչների 100 տոկոսի համաձայնությունն է պետք։ 60 ընտանիքներից 58-ը համաձայնությունը տվել է, իսկ երկուսին գտնել չի հաջողվում։ Տարածքային կառավարման նախարարությունում քննարկվում է այդ երկուսի հարցը: Նրանք սեփականատեր են, կարող են գալ եւ պահանջել իրենց սեփականությունը»,- ասում են ոլորտի մարզային պատասխանատուները։
Այսպիսի շենքեր առկա են նաեւ մարզի այլ հատվածներում։ Կիսախարխուլ բնակարաններում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։