Ընդդիմությունն ուզում է, որ խորհրդարանը դատապարտի Շուշիի հռչակագիրը, որով Թուրքիան և Ադրբեջանը կնքել են ռազմաքաղաքական դաշինք «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակում։ Ընդդիմադիրներն ասում են, որ այդ հռչակագիրն անընդունելի է ՀՀ-ի համար։
Ասենք թե անընդունելի է։ Հետո՞։ Ադրբեջանն այդ հռչակագիրը «նվաճել» է, որովհետև պատերազմից հետո Թուրքիային օգնում է շնչելու, միլիարդավոր դոլարների օգնություն է ցուցաբերում թուրքական տնտեսությանը, որպեսզի լիրան չփլվի Էրդողանի գլխին։ Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն՝ ինչ են անում։ Նրանք ամրապնդում են Լեռնային Ղարաբաղում ձեռք բերածը և զգուշացնում են, որ այն, ինչ ունեն՝ ունեն, որևէ այլ ագրեսիայի դեպքում կունենան ավելին։ Ո՞վ պետք է այս հռչակագրի դեմն առնի։ Ռուսնե՞րը, որոնց քավորությամբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պատրաստվում է ընդունելու «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծ։
Շուշիի հռչակագիրն, ըստ էության, ամրագրում է, որ ավարտվեց Կարսի և Մոսկվայի 1921 թվականի պայմանագրերի իրավասության ժամկետը, հիմա յուրաքանչյուրն իր «գլխի ճարը» պիտի տեսնի։ Այդ հռչակագիրը «ծալած ունեցող» ի՞նչ հակահռչակագիր ունի Հայաստանը։ Ոչ մի։ Հայաստանը խաղաղության դարաշրջան է բացում, նշանակում է՝ պիտի մոռանա ռազմաքաղաքական դաշինքների մասին։
Ադրբեջանն ու Թուրքիան հռչակագիր ընդունելով ասում են՝ մենք իրավունք ունենք մեզ ապահովագրելու ձեր խաղաղության դարաշրջանից, որում ոչ մի խոսք չկա 1997 թվականի օգոստոսի 29-ի հայ-ռուսական Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին։
Հիմա ի՞նչը պիտի դատապարտի մեր խորհրդարանը։ Երբ Հունաստանն ու Կիպրոսը նման հռչակագիր են ընդունում, դատապարտելի՞ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հռչակագիրը մեր դեմ չաշխատի, մեր խաղաղությունը պիտի ավելի երկաթյա լինի, քան նրանց ռազմատենչությունը։ Մեր իշխանությունը պիտի ավելի հեռատես լինի, քան թուրքական դիվանագիտությունը։
Իսկ ի՞նչ ենք մենք ժառանգել նախկիններից մեծաբերանությունից բացի, երբ նույնիսկ արդուկն էր բղավում, թե Ղարաբաղի հարցը լուծված է, ու ոչ մի թիզ չունենք զիջելու Ադրբեջանին։ Պե՞տք էր, որ ուրիշը վերջ դներ այս հռետորաբանությանը։ Իհարկե ոչ։ Ադրբեջանն անում է այն, ինչ պետք է անի։ Մեզ մնում է պատրաստ լինել դրա հետևանքներին, մեզ մնում է «կարդալ» ներքին ու արտաքին մարտահրավերները, մեզ մնում է դուրս գալ վերմակի դիվանագիտությունից, որի տակ մտել էինք 1994-ի հաղթանակից հետո։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: