Ըստ «Украинская правда»-ի՝ ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարտերային չվերթերով եւ մասնավոր ինքնաթիռներով հեռանում են Ուկրաինայից։ Միայն փետրվարի 13-ին Կիեւից գրեթե 20 ինքնաթիռ է մեկնել՝ տանելով երկրի ամենահարուստ մարդկանց։ Վերջին 6 տարում մասնավոր չվերթերի այսպիսի քանակ չի եղել։
Կիեւ-Վիեննա երթուղով 50 հոգանոց մասնավոր ինքնաթիռ է պատվիրել «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը: Առնվազն եւս ութ գործարարներ, որոնց թվում՝ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, արդեն լքել են երկիրը:
Կիեւից Պրահա է մեկնել 100 ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշում 55-րդ տեղը զբաղեցնող Բորիս Կոլեսնիկովի ինքնաթիռը: Ուկրաինայից դուրս է եկել նաեւ գործարար եւ օլիգարխ Վիկտոր Պինչուկը։ Կիեւ-Մյունխեն չվերթով փետրվարի 10-ին մեկնել է ուկրաինացի գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին: Փետրվարի 13-ին Ուկրաինան լքել են գործարարներ Անդրեյ Ստավրիցերը եւ Վադիմ Նեստերենկոն, փետրվարի 12-ին՝ Վադիմ Ստոլարը եւ Վասիլի Խմելնիցկին:
38 երկիր ավելի վաղ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից։ Նրանց թվում են ԱՄՆ-ը, Մեքսիկան, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը եւ Ճապոնիան: