Փետրվարի 14-ին՝ 18:13-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա բնակավայրից 15 կմ արեւելք, գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում 3 բալ ուժգնությամբ եւ Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նախօրեին տեղական ժամանակով 22:25-ին Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արեւելք գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան:
Ըստ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի՝ Հայաստանում փետրվարի 13-ի երկրաշարժը Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում: Երեկվա երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում:
Մասնագետը հիշեցրել է, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40-րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223-ի։